Մատչելիության հղումներ

Մեր միջև աննախադեպ ակտիվ և փոխվստահության վրա հիմնված քաղաքական երկխոսություն է․ Լավրով


Չնայած հայկական կողմի պնդումներին, թե Ադրբեջանը ոտնահարում է նոյեմբերի 9-ի հայտարարությունն ու մինչև օրս գերի է պահում մոտ երկու հարյուր հայերի, Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, թե Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ընդհանուր առմամբ հաջողությամբ կյանքի են կոչվում:

Ավելին, «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ հարցազրույցում Սերգեյ Լավրովը որևէ խնդիր չի առանձնացրել հումանիտար ոլորտում։ Ճիշտ հակառակը. - «Դա վերաբերում է, մասնավորապես, հակամարտության մարդասիրական ու սոցիալ-տնտեսական հետևանքների վերացմանը, Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Եվ ռուսական աջակցությունը բարձր գնահատականի է արժանանում հայ բարեկամների կողմից», - ասել է նա։

Լրագրողը հետաքրքրվել է, թե հաջողվե՞լ է արդյոք Ռուսաստանին պահպանել ջերմ հարաբերությունները Հայաստանի հետ, չնայած այն բանին, որ ղարաբաղյան վերջին պատերազմը անբարենպաստ ելք ունեցավ հայերի համար:

«Ռուս-հայկական հարաբերությունները ժամանակի քննություն են անցել, և ես կասկած չունեմ, որ դրանք կշարունակեն զարգանալ երկկողմ վստահության, ռազմավարական համագործակցության ու դաշնակցային փոխգործակցության ոգով», - ասել է Սերգեյ Լավրովը` ևս մեկ անգամ հարկ համարելով ընդգծել, որ ղարաբաղյան վերջին պատերազմը կանգ է առել Ռուսաստանի նախագահի անձնական ջանքերով: - «Մեր երկիրը մշտապես պատրաստ է սատար կանգնել եղբայրական հայ ժողովրդին: Դրա վկայությունը Ռուսաստանի, անձամբ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի միջնորդական ջանքերն էին, որոնց շնորհիվ հաջողվեց կանգնեցնել ռազմական գործողություններն ու տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթաց սկսել»:

Լավրովն ընդգծել է` կարևոր է հասկանալ, որ հայ-ռուսական հարաբերությունները միայն ղարաբաղյան խնդրով չեն սահմանափակվում. - «Մեր միջև աննախադեպ ակտիվ և փոխվստահության վրա հիմնված քաղաքական երկխոսություն է բարձր և այլ մակարդակներում: Միայն այս տարի Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև երկու հանդիպում է կայացել և բազմաթիվ հեռախոսազրույցներ: Մայիսի սկզբին ես այցելել էի Երևան, տեղի են ունենում նաև միջխորհրդարանական շփումներ»:

Հատկանշական է սակայն, որ ռուսական կողմը գրեթե նույն ակտիվությամբ շփումներ է ունենում նաև Ադրբեջանի հետ։ Մայիսին Հայաստան կատարած այցից հետո էլ Լավրովը մեկնել էր Բաքու, որտեղ վստահեցրել էր, թե հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը բարդ են, բայց ոչ անլուծելի: Դրանից անմիջապես հետո Ադրբեջանի զորքը հատել է Հայաստանի սահմանը, և ավելի քան մեկ շաբաթ է շարունակում է մնալ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում:

Այս իրավիճակին, ինչպես նաև Երևանից Կրեմլ ուղարկված օգնության դիմումներին Լավրովը չի անդադարձել: Փոխարենը հարկ է համարել ընդգծել, որ Մոսկվան աջակցել և աջակցում է Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Համավարակի հետևանքները վերացնելու համար Ռուսաստանը «Սպուտնիկ֊ V» պատվաստանյութի մի քանի հազար դեղաչափ է մատակարարել Հայաստանին: Այժմ քննարկում ենք հետագա աջակցության հարցը: Հաջողությամբ զարգացնում ենք կապերը առևտրի ու տնտեսության ոլորտներում, ինչին նպաստում են ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովների պարբերական հանդիպումները», - ասել է Լավրովը`առանց կոնկրետ մանրամասների:

Լրագրողը հետաքրքրվել է նաև ռուս-թուրքական հարաբերություններից՝ փաստելով, որ Թուրքիայի նախագահը վերջերս ընդունել էր Ուկրաինայի նախագահին ու կրկին ընդգծել, որ Ղրիմը Ռուսաստանի մաս չեն ճանաչում․ - «Թուրքերը զենք են մատակարարում Ուկրաինային, այդ թվում` անօդաչու թռչող սարքեր։ Թուրքիան այն երկիրն էր, որը բորբոքում էր ղարաբաղյան պատերազմը, հիշում ենք նաև Սիրիայում կործանված ռուսական ինքնաթիռը. մեր թուրք գործընկերները շատ բան չե՞ն արդյոք իրենց թույլ տալիս»:

Լավրովն ի պատասխան ընդունել է, որ Անկարայի հետ հարաբերություններում Մոսկվան լուրջ տարաձայնություններ ունի, միաժամանակ հավելել է, որ դրանք չեն խանգարում ինտենսիվ քաղաքական երկխոսություն վարել և զարգացնել փոխշահավետ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում: Այս շարքում Լավրովը հատկապես ռազմատեխնիկական ոլորտն է առանձնացրել․ - «Չմոռանանք, որ լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր և դիմակայելով Վաշինգտոնի լուրջ ճնշումներին` Թուրքիան ոչ միայն հետաքրքրություն ցուցաբերեց ռուսաստանյան զինտեխնիկայի նկատմամբ, այլև արդեն կյանքի է կոչել С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման խոշոր գործարքը»:

Անդրադառնալով Ղրիմի պատկանելիության շուրջ տարաձայնություններին`Ռուսաստանի արտգործնախարարը դիվանագիտական զգուշացում է արել թուրք գործընկերներին․ - «Առավելագույնս հստակ ընդգծում ենք, որ Ղրիմի հարցով ուկրաինական ագրեսիվ նախաձեռնությունների խրախուսումը հավասարազոր է Ռուսաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության: Ակնկալում ենք, որ Անկարայի քաղաքական այս գիծը կխմբագրվի` հաշվի առնելով մեր մտահոգությունները, որոնք օրինական հիմք ունեն»:

Ղարաբաղյան պատերազմը բորբոքելու մասին լրագրողի դիտարկմանը Լավրովը որևէ կերպ չի արձագանքել: Ընդամենը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հունվարի 30-ից ռուսները թուրք գործընկերների հետ ռազմական գործողությունների վերահսկում են իրականացնում։

«Այդ կենտրոնը հրադադարի հնարավոր խախտումների մոնիտորինգ է անում բացառապես տեսադիտարկման միջոցով», - ընդգծել է Լավրովն ու ամփոփել. - «Այսպիսով, չնվազեցնելով առկա տարաձայնությունները, մենք Թուրքիայի հետ փոխգործակցությունը զարգացնելիս այսուհետ ևս կառաջնորդվենք մեր ընդհանուր շահերի ռազմավարական տեսլականով»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG