Իրանի միջուկային գործարքի շուրջ ընթացող բանակցություններում դրական տեղաշարժերի մասին լուրերի ֆոնին Իրանի խորհրդարանում պահանջում են սահմանափակել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը:
«ԱԷՄԳ-ն երեք ամիս ուներ իր պարտականությունները կատարելու համար, ինչը չի արել, ժամկետը լրացել է երեկ», - կիրակի օրը հայտարարել է իրանական Մեջլիսի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը և հավելել, որ կազմակերպությունն այսօրվանից զրկվել է իրանական միջուկային օբյեկտներում լուսանկարահանումներ իրականացնելու հնարավորությունից։
ԱԷՄԳ-ն առայժմ չի արձագանքել Թեհրանի որոշմանը։
Մամուլը նկատում է, որ Ղալիբաֆի հայտարարությունը հնչում է հունիսին նախատեսված ընտրություններին ընդառաջ, քաղաքական կոշտ գծի կողմնակիցները փորձում են տապալել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններում հնարավոր համաձայնությունը։ Չափավոր ուժերը՝ նախագահ Հասան Ռոհանիի գլխավորությամբ, պնդում են, որ բանակցություններում ընդհանուր հայտարարի գալով կչեղարկվեն ամերիկյան պատժամիջոցները, ինչը թույլ կտա երկիրը դուրս բերել տնտեսական ծանր ճգնաժամից։
Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակվում են արդեն մեկ ամիս։ Վիեննայում ընթացող քննարկումներին մասնակցում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։ Ամերիկյան նոր վարչակազմը չի բացառում, որ Իրանի կողմից Վաշինգտոնի որոշ պայմանների կատարման դեպքում պատրաստ կլինի կրկին մաս կազմել միջուկային գործարքին։