Հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Իրանում մեկնարկել է թեկնածուների առաջադրման գործընթացը։ Նախօրեին միանգամից մի քանի ազդեցիկ գործիչներ ժամանեցին Իրանի ներքին գործերի նախարարություն՝ ներկայացնելով գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Առաջիններից մեկը Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» կազմում գործող շինարարական հոլդինգի ղեկավար Սաեդ Մոհամադն էր։ Ամերիկյան պատժամիջոցների թիրախում գտնվող այս կառույցի ղեկավարը պահպանողական գործչի համբավ ունի։ Մի քանի տարի շարունակ Մոհամադը զբաղեցրել է 2020-ին Բաղդադում սպանված իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի խորհրդականի պաշտոնը։
Առաջին հարցը, որ իրանցի լրագրողներն ուղղեցին նախագահական հավակնություններ ունեցող Մոհամադին, վերաբերում էր Իրանի միջուկային ծրագրի ճակատագրին․ եթե նա նախագահ ընտրվի, իսկ Վիեննայում ընթացող բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, իրանական նորընտիր կառավարությունը պատրաստ կլինի՞ արդյոք կատարել միջազգային հանրության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Իրանի կառավարությունն ու խորհրդարանը հավատարիմ են միջուկային համաձայնագրի կատարման պարտավորություններին։ Ցանկացած միջազգային փաստաթուղթ, որ կնքվել է Իրանի նախորդ կառավարություններից որևէ մեկի կողմից, նաև ապագա վարչակազմերի պարտավորությունների շրջանակում է», - հայտարարում էր Սաեդ Մոհամադը։
Երեկ Թեհրանում Իրանի միջուկային ծրագրի մասին էր խոսում նախագահական ընտրարշավին հավանական ֆավորիտներից ևս մեկը՝ պաշտպանության նախկին նախարար, երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Հոսեյն Դեհղանը։
«Միջուկային համաձայնագրի հետ համաձայն եմ, դրա կնքումը մի որոշում է, որ ժամանակին կայացրել էր մեր կառավարությունը։ Դրա կյանքի կոչման գործում իհարկե որոշ խնդիրներ կան, և եթե ես ստանձնեմ երկրի ղեկավարի պաշտոնը, կշարունակեմ այդ ուղղությամբ ընթացող բանակցությունները։ Դրանք, սակայն․ պետք է հիմնված լինեն մեր պետության շահերի վրա և ժամանակի անիմաստ ծախս չպետք է հանդիսանան», - հայտարարում էր Իրանի նախագահի պաշտոնին հավակնող Հոսեյն Դեհղանը։
Նախագահության թեկնածուների առաջադրման՝ նախօրեին մեկնարկած գործընթացը կշարունակվի ևս չորս օր։ Մայիսի 15-ից հետո առաջադրված թեկնածուների վերջնական գրանցման հարցը կհանձնվի Սահմանադրության Պահապանների խորհրդի քննությանը, որն էլ մայիսի 26-27-ը կհրապարակի ընտրարշավին մասնակցող թեկնածուների վերջնական ցանկը։ Որպես կանոն՝ այս մարմինը գրանցում է առաջադրված թեկնածուների աննշան մասին։ Նախորդ ընտրություններում, օրինակ, Պահապանների խորհուրդը առաջադրված հարյուրավոր թեկնածուներից գրանցել էր միայն վեցին։