Մատչելիության հղումներ

Ահմադինեժադը փորձում է վերադառնալ


Իրան - Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հունիսի 18-ի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելուց հետո, Թեհրան, 12-ը մայիսի, 2021թ․
Իրան - Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հունիսի 18-ի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելուց հետո, Թեհրան, 12-ը մայիսի, 2021թ․

Մահմուդ Ահմադինեժադը փորձում է վերադառնալ մեծ քաղաքականություն։ Իրանի 63-ամյա նախկին նախագահը և Թեհրանի նախկին քաղաքապետը նախօրեին իր թեկնածությունն է առաջադրել հաջորդ ամիս երկրում նախատեսված նախագահական ընտրություններին՝ երրորդ անգամ մասնակցելու նպատակով։

Ահմադինեժադը, ով համարվում է քաղաքական կոշտ գծի կողմնակից, Իրանի գործող իշխանությունների գլխավոր ընդդիմախոսներից է։ Երկրի ղեկավարության հետ նրա տարաձայնությունները տարիների վաղեմություն ունեն․ նախագահի պաշտոնում աշխատելիս Ահմադինեժադը, հակաճառելով Իրանի հոգևոր առաջնորդին, պաշտոնանկ էր արել Ալի Խամենեիի կողմից նշանակված նախարարին և դրանից հետո էլ տասնօրյա գործադուլ հայտարարել՝ բոյկոտելով կառավարության բոլոր նիստերը։

Իրանի նախկին նախագահի պաշտոնավարման տարիների այս դրվագը բեկումնային դարձավ նրա քաղաքական կարիերայի համար․ սրվեցին նրա հարաբերությունները ոչ միայն հոգևոր առաջնորդի հետ, այլ նաև երբեմնի թիմակիցների համար նա պահպանողական գործչից դարձավ հեղափոխական և մեկը, ով հանդգնել էր չենթարկվել երկրի հոգևոր առաջնորդին։

Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնավարել է երկու ժամկետ՝ 2005-ից մինչև 2013 թվականները: Նրա նախագահության տարիներն առանձնացան Իրան-Արևմուտք բացահայտ առճակատմամբ, ինչպես նաև 2009-ի իրադարձություններով, երբ տասնյակ հազարավոր իրանցիներ փողոց դուրս եկան՝ հայտնելու իրենց անհամաձայնությունը Ահմադինեժադի վերընտրության արդյունքներին։ «Կանաչների շարժում» անունը ստացած բողոքի ցույցերը դարձան 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում տեղի ունեցած ամենամարդաշատ հավաքները։

Պաշտոնավարման ավարտից հետո Իրանի նախկին առաջնորդը հայտարարեց քաղաքականությունից ընդմիշտ հեռանալու և իրեն ակադեմիական գործունեությանը նվիրելու մտադրության մասին։ Այդ հայտարարարությունից ամիսներ անց, սակայն, նա ներկայացավ որպես գործող ռեժիմի գլխավոր ընդդիմախոս, որը ցանկանում է արմատախիլ անել երկրում կոռուպցիան՝ մասնավորապես դատական համակարգում, թեև իր ութնամյա նախագահության ընթացքում ինչպես կոռուպցիան, այնպես էլ աղքատությունը, անարդարությունը շարունակում էին լինել երկրի գլխավոր խնդիրները։

Արևմուտքի հետ չթուլացող լարվածության, Թեհրանի և գերտերությունների միջև միջուկային գործարքի շուրջ անորոշության ֆոնին, նախօրեին Իրանում մեկնարկել է հունիսի 18-ին նախատեսված նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման գործընթացը։ Հնգօրյա գործընթացից հետո թեկնածուների ցանկը կուղարկվի Սահմանադրության Պահապանների խորհրդի քննությանը, որն էլ մայիսի 26-27-ը կհրապարակի ընտրարշավին մասնակցող թեկնածուների վերջնական ցուցակը։ Նախորդ ընտրություններում այդ կառույցը առաջադրված հարյուրավոր թեկնածուներից գրանցել էր միայն վեցին՝ մերժելով մասնավորապես առավել չափավոր հայացքներով թեկնածուներին։

Գործող նախագահ Հասան Ռոհանին, ով հանդիսանում է բարեփոխական թևի ներկայացուցիչ, երկու ժամկետ անընդմեջ պաշտոնավարելուց անմիջապես հետո չի կարող կրկին առաջադրվել այդ պաշտոնում։

Արդեն հայտնի է, որ առաջադրված թեկնածուներից է երկրի ամենաազդեցիկ ուժային կառույցի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» կազմում գործող շինարարական հոլդինգի ղեկավար Սաեդ Մոհամադը։ Նա ամերիկյան պատժամիջոցների սև ցուցակում ընդգրկված իրանցի տասնյակ պաշտոնյաներից մեկն է։ Պահպանողական գործչի համբավ ունեցող Մոհամադը Իրաքում անցած տարի սպանված իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի խորհրդականն էր։

Սաեդ Մոհամադի հնարավոր մրցակիցներից է պաշտպանության նախկին նախարար, երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Հոսեյն Դեհղանը։

Երկու քաղաքական գործիչներն էլ նախօրեին անդրադառնալով երկրի թիվ մեկ խնդրին՝ միջուկային գործարքին, հավաստիացրել են, որ ընտրվելու դեպքում հավատարիմ կմնան միջազգային փաստաթղթով ստանձնած պարտավորություններին։

Իրանական փորձագիտական շրջանակների գնահատականներով՝ ընտրություններին մասնակցությունը այս տարի կարող է աննախադեպ ցածր լինել երկրում չդադարող գնաճի, գործազրկության բարձր մակարդակի շուրջ աճող դժգոհության պատճառով։

Իրանի տնտեսությունն աննախադեպ ծանր կորուստներ է կրել թե՛ կորոնավիրուսի ճգնաժամի, թե՛ ամերիկյան ցավոտ պատժամիջոցների պատճառով, որոնք Դոնալդ Թրամփի վարչակազմը սահմանել էր 2018 թվականին միջուկային գործարքը միակողմանի խզելուց հետո։

XS
SM
MD
LG