Մատչելիության հղումներ

Պետք է Ռուսաստանից հետ վերցնել անվտանգության հարցերում որոշումներ կայացնելու իրավունքը. Հովհաննիսյան 


Պետք է Ռուսաստանից հետ վերցնել անվտանգության հարցերում որոշումներ կայացնելու իրավունքը` այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան, արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը։

Տասնմեկերորդ օրն է, ինչ ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք, դիրքավորվել, մինչդեռ պաշտոնական Երևանի դիմումները Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին այդպես էլ որևէ գործնական քայլերի չեն հանգեցրել, ինչպես նախատեսված է դեռ 1992 թվականին կնքված «Հավաքական անվտանգության մասին» և 1997-ի հայ-ռուսական «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրերով։

«Ազատություն». - Հարցը հետևյալն է՝ հետայսու կամ հետևաբար Հայաստանը ի՞նչ հարաբերություններ պետք է կառուցի Ռուսաստանի հետ: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքն, ըստ էության, չի աշխատում:

Հովհաննիսյան. - Դուք շարունակում եք ապացուցել իմ այն միտքը, որ եթե դու քո ճակատագրի համար որոշումներ ընդունելու իրավունքը հանձնել ես ուրիշին, ապա դու քեզնից արդեն որևէ բան չես ներկայացնում և ազդել գործընթացների վրա չես կարող: Եթե հանձնել ես ուրիշին, ապա այդ ուրիշն էլ ընդունում է այդ որոշումները, և դրանից բողոքել, իհարկե, կարելի է, բայց իմաստ չունի, դու ես արել դա: Այսինքն՝ մեր գործողությունները ինչի՞ն պետք է ուղղված լինեն, էդ իրավունքը վերադարձնելուն:

«Ազատություն». - Այսինքն՝ մենք պետք է Ռուսաստանից հետ վերադարձնե՞նք անվտանգության հարցերում որոշում կայացնելու մեր իրավունքը:

Հովհաննիսյան. - Բնականաբար: Քո անվտանգության համար պատասխանատու ես միայն դու, մյուսները կարող են օժանդակել քեզ, կարող են վտանգել քո անվտանգության համակարգը, կարող են նեյտրալ դիրքորոշում գրավել, բայց միակ, իրական շահագրգիռ անձը դու ես, միակ իրական շահագրգիռ և պատասխանատու ինստիտուտը պետությունն է:

«Ազատություն». - Պետք է վերանայե՞լ Ռուսաստանի հետ այդ մեծ պայմանագիրը ռազմաքաղաքական:

Հովհաննիսյան. - Նախևառաջ պետք է պնդել, որպեսզի այդ պայմանագրի դրույթներն իրականացվեն:

«Ազատություն». - Չեն իրականացվում, պարոն Հովհաննիսյան:

Հովհաննիսյան. - Այդ դեպքում պետք է դիմել բոլոր այն հնարավորություններին, որոնք կստիպեն իրականացնել: Օրինակ՝ մենք անընդհատ խոսում ենք, որ այ Ռուսաստանն է լուծում, Ռուսաստանը դուրս մղեց Մինսկի խմբին, բայց Մինսկի խումբն իրո՞ք ուզում է դուրս մղվել, կարծում եմ, որ չի ուզում և կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է, որ մեր կողմից նախաձեռնություն լինի Մինսկի խմբի գործունեությունը վերաակտիվացնել, հատկապես, որ վերջերս մի հայտարարություն էր արել, որով այդ միտումը ցուցադրվել է:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանի խոսքով, Անկարան ինքը չի ցանկանում հարաբերություններ սկսել Երևանի հետ, որովհետև կարողանում է Հայաստանին առնչվող հարցերը լուծել Ռուսաստանի հետ։

Հովհաննիսյան. - Թուրքիայի տեսանկյունից, իհարկե, ավելի հետաքրքիր կլիներ, որ մեզ հետ խոսեր, բայց թուրքերը տեսնում են, որ իմաստ չունի մեզ հետ խոսել, մենք չենք որոշում ընդունում, ռուսներն են որոշում ընդունում: Մեր փոխարեն ուրիշն է որոշում ընդունում: Այս իմաստով լուրջ մեզ հետ խոսելը ո՞րն է, իհարկե, իրենց էլ է ձեռնտու կոմունիկացիաները բաց անել, բոլորին է ձեռնտու, որպեսզի սահմաններով ազատ և թափանցիկ ձևով ապրանքները, մարդիկ, փողը գնա-գա: Բայց այստեղ, ինչպես ասում են, սատանան մանրուքների մեջ է՝ ով է վերահսկելու դա, եթե դա իմ սուվերեն տարածքն է, ես ինքնիշխան պետություն եմ, ապա պարզ է, որ ես պետք է վերահսկեմ:

«Ազատություն». - Այսինքն՝ ռուսները ուզում են, որ իրենք վերահսկե՞ն:

Հովհաննիսյան. - ռուսներից հարցրեք դա, ես ասում եմ այն, ինչը պետք է անենք: Հասկանալի է, որ թուրքերին ավելի հեշտ կլիներ խոսել մեզ հետ, մեր վրա ավելի հեշտ է ճնշում գործադրելը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG