ԱՄՆ Օհայո նահանգում կորոնավիրուսի դեմ պատվաստում ստացողի անունն ընդգրկվում է վիճակախաղում, որի հաղթողը կստանա 1 միլիոն դոլար:
Այդպես է նահանգապետ Մայք ԴեՎայնը խրախուսում Օհայոյում պատվաստումների գործընթացը, որի նկատմամբ զգալի թվով բնակիչներ ունեն որոշակի վերապահումներ:
Իսկ հիմա նահանգում ասում են՝ «Պատվաստվիր և ստացիր 1 միլիոն»: Մայք ԴեՎայնը հայտարարել է, որ վիճակախաղը տեղի կունենա շաբաթը մեկ անգամ, գումարը կշահեն շաբաթվա ընթացքում առնվազն մեկ ներարկում ստացած հինգ չափահաս բնակիչներ:
«Գիտեմ, ոմանք ինձ կքննադատեն, կասեն, թե սա փողի վատնում է, իսկ ես կարծում եմ, որ վատնումն այն է, երբ ունենք վակցինա, որը մարդու կյանք է փրկում, բայց ինչ-որ մեկը կվարակվի և կմահանա քովիդից: Այ դա կլինի վատնում, ահավոր ողբերգական վատնում», - ասել է հանրապետական նահանգապետը:
Օհայոն վիճակախաղի շահույթի գումարը կտրամադրի համավարակի դեմ դաշնային բյուջեից նահանգին հատկացված գումարից:
Միացյալ Նահանգներում քաղաքական լիդերները լայնածավալ քարոզարշավ են սկսել և մարդկանց համոզում են պատվաստվել:
Տարբեր քաղաքներում տարբեր «կորոնամրցանակներ» են առաջարկում, օրինակ` Նյու Օռլեանում պատվաստվելու դիմաց տրամադրում են բասկետբոլի խաղ դիտելու տոմս, գարեջուր և խեցգետիններ, Նյու Յորքում՝ տապակած կարտոֆիլ, և այդ առաջարկը գովազդում է անձամբ քաղաքապետ Բիլ դե Բլասիոն:
Մայիսի 13-ի դրությամբ ամբողջությամբ պատվաստվել է մոտ 117 միլիոն ամերիկացի՝ դա ընդհանուր բնակչության ավելի քան մեկ երրորդն է: Խոսքը երկու դեղաչափ ստացածների մասին է:
Սակայն պատվաստումների ընթացքը դանդաղել է, և դա բացատվում է թերահավատության հանգամանքով:
Անցած շաբաթների ընթացքում մեկ երրորդով նվազել է վակցինա ստանալու ցանկություն ունեցող ամերիկացիների թիվը:
Մինչդեռ, նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ուժի մեջ են մտնում նոր կանոններ՝ երկու դեղաչափ ստացած մարդիկ կազատվեն դրսում դիմակ կրելու պարտավորությունից և այդ արտոնությունը կվայելեն նաև փակ տարածքների մեծ մասում:
«Եթե ամբողջությամբ պատվաստվել ես, հանիր դիմակը, դու վաստակել ես իրավունքն` անել այն, ինչով ամերիկացիները հայտնի են ամբողջ աշխարհում՝ լայն ժպիտով ողջունել դիմացինին: Սա լավ օր է երկրի համար, բայց դեռ կա անելիք, դեռ շատ են չպատվաստված մարդիկ, մեր նպատակն է մինչև հուլիսի 4-ն ապահովել չափահասների 70 տոկոսի պատվաստումը: Եվ մենք պետք է ջարդենք այս համավարակը՝ ոչ միայն այստեղ, այլև ամբողջ աշխարհում, որ իսկապես ապահով լինենք», - հայտարարել է Բայդենը: