Մատչելիության հղումներ

Պուտինը վստահ է, որ եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն, ասում է Պեսկովը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Ռուսաստանի նախագահը վստահ է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը հարթելու համար», - ասել է նա։

Պեսկովը միաժամանակ դժվարացել է ասել՝ արդյոք նախագահ Պուտինը ստացե՞լ է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դիմումը՝ ռազմական օգնության խնդրանքով։

«Բոլոր այդ հարցերը բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ժամանակ», - նշել է Պուտինի խոսնակը, հավելելով՝ Մոսկվան մշտական կապի մեջ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ՝ Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման հարցով։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

Կողմերի միջև բանակցություններ են ընթանում։

Այսօր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը է՛լ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը:

XS
SM
MD
LG