Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով, կարծում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին նա խոսեց այսօր իր ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի համագումարի ժամանակ:
Տեր-Պետրոսյանն անդրադարձավ իր առաջարկին` երեք նախկին նախագահներով մեկ դաշինքով ընտրություններին մասնակցել: «Ես իմ առաջարկի հրապարակված տեքստերում տվել եմ անգամ այդ հանելուկի բանալին. այն է` մի կողմից խափանել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, մյուս կողմից` բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին, ինչը երաշխավորվում էր երեք նախագահների կողմից պետական որևէ պաշտոն չզբաղեցնելու իմ առաջարկած պայմանով: Լուծում էի երկու հարցն էլ», - ասաց առաջին նախագահը:
«Իմ կարծիքով` անհրաժեշտ էր ձևավորել հիմնականում տեխնոկրատներից կազմված ճգնաժամային կառավարություն` լուրջ փորձառությամբ և կառավարական հմտություններով օժտված վարչապետի գլխավորությամբ», - նշեց նա` ի պատասխան իր սեփական հարցին, թե ով էր այդ դեպքում լինելու երկրի վարչապետը:
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով` Քոչարյանի կողմից իր առաջարկի մերժումը նշանակում է, որ նա առաջնորդվում է ոչ թե պետական շահի գիտակցությամբ, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով. «Ուրիշ մոտիվացիա նա չունի: Սերժ Սարգսյանի պարագան այլ է` նա իշխանության վերադառնալու նպատակ չի հետապնդում, և մանսակցելով ընտրություններին` պարզապես ուզում է իր պարտքը կատարել սեփական կուսակցության նկատմամբ և հանրապետականների թեկուզ մի փոքրիկ խմբի ներկայացված տեսնել Ազգային ժողովում: Սա թեև մարդկային տեսակետից գնահատելի քայլ է, այնուամենայնիվ նույնպես որևէ կապ չունի պետական շահի գիտակցության հետ»:
Հիշեցնենք, որ Կոնգրեսի առաջնորդի առաջարկը մերժել էին և՛ Ռոբերտ Քոչարյանը, որը ընտրություններին մասնակցում է «Վերածնվող Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների դաշինքով, և՛ Սերժ Սարգսյանը, որի նախագահած Հանրապետականն էլ դաշինք է կազմել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիքի» հետ:
Պաշտոնաթող նախագահը հայտարարեց` պարտության պատճառով արժանացել ենք շատ երկրների կարեկցանքին ու խղճահարությանը. «Իսկ Փաշինյանի կամ Քոչարյանի հաղթանակի դեպքում արժանանալու ենք ողջ աշխարհի ծաղրուծանակին, աշխարհը չի հասկանալու, թե ինչպես է հայ ժողովուրդը ղեկավար ընտրում այն ուժերից մեկին կամ մյուսին, որը կործանման է հասցրել երկիրը»: Բացի այդ, վարչապետի պաշտոնակատարի կամ երկրորդ նախագահի ընտրման դեպքում երկրի առջև ծառացած մի շարք խնդիրները չեն լուծվելու, Հայաստանի ցնցումները շարունակվելու են: