Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈւ ներկայայացուցիչները ադրբեջանական կողմից պահանջել են վերադառնալ ելման դիրքեր. բանակցությունները կշարունակվեն վաղը


Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվել են նաև այսօր։

Հայկական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը՝ իրադրության հետագա սրման և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար, առանց որևէ նախապայմանի, հեռանալ Հայաստանի ինքնիշխան տարածքներից և վերադառնալ իրենց ելման դիրքեր։

Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել վաղը, մայիսի 16-ին, ժամը 14։00-ին։

Բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինվորականները փորձել էին դիրքերի առաջխաղացման գործողություններ իրականացնել, ըստ Հայաստանի պաշտպանական գերատեսչության, այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել։

Երեկ, հայկական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից։

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

XS
SM
MD
LG