Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
Հայկական կողմի հաղորդմամբ` Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է Սյունիքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները, շեշտել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման կարևորությունը: Միաժամանակ պաշտպանական գերատեսչության ղեկավարն անթույլատրելի է համարել «Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ այսօրինակ սադրանքները», նշելով, որ դրանք էապես վտանգում են առանց այն էլ փխրուն խաղաղությունը։
Հայաստանը ստեղծված իրադրության առնչությամբ պաշտոնապես դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
Հիշեցնենք նաև, որ Վաղարշակ Հարությունյանն ու Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց էին ունեցել նաև մայիսի 13-ի երեկոյան, որի ավարտից հետո ՀԱՊԿ մամուլի ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, որում, մասնավորապես, նշվում էր. «Կազմակերպությունում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցող իրադարձություններին: Իրավիճակի զարգացմանը զուգահեռ, անհրաժեշտության դեպքում, գործողություններ կձեռնարկվեն Հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնակարգի համաձայն»։