Մատչելիության հղումներ

ԱՄՆ փոխպետքարտուղարը և Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին


Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ըստ պաշտոնական Բաքվի՝ կողմերը «մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակի և հայ-ադրբեջանական սահմանի լարվածության շուրջ»։ Երկուստեք կարևորվել է այս լարվածությունը դիվանագիտությամբ ու բանակցություններով հարթելու անհրաժեշտությունը։

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ Բայրամովն ընդգծել է, որ Բաքուն հավատարիմ է լարվածության կարգավորմանը, ինչպես նաև զրուցակցին տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահման է ուղարկվել Ադրբեջանի Սահմանապահ ծառայության ղեկավարությունը՝ հայկական կողմի հետ բանակցություններով հնարավորինս արագ լարվածությունը հարթելու համար։

Փոխպետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ։ Ըստ հայկական կողմի՝ Այվազյանը զգուշացրել էր, որ «միջազգային հանրության կողմից Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների նկատմամբ հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով»:

XS
SM
MD
LG