Գեղարքունիքի մարզի հատվածում պետական սահմանը պահպանվել է, լարվածություն չկա, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն՝ անդրադառնալով երեկ տարածված լուրերին։
Երեկ, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում, լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիները մոտ 3 կիլոմետր առաջ են եկել Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժայի հատվածում։
«Որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման պրոցես չէր արել, հիմա եղանակային պայմանները փոխվել են, տեղակայման պրոցես են անում, մեր Զինված ուժերն էլ հետևում են։ Ռելիեֆն այնքան բարդ է այնտեղ, որ հեշտ չի սահմանագիծը կողմնորոշվել, որպեսզի իրենք իրենց տեղակայման վայրերից առաջ չգան», - այսօր պարզաբանեց Սանոսյանը՝ շարունակելով․ - «Ընդամենը մի երկու տեղ լանջով սահմանագիծ կար, որ մերոնք պնդում էին, որ մի քիչ պետք է հետ նստեն, որն ընթացքում կարգավորվեց, հետ նստեցին»։
Ճշտող հարցին, թե այդ վիճելի տարածքները հիմա ո՞ւմ վերահսկողության տակ են, Սանասոյանը պատասխանեց․ - «Սահմանագծով նստել են՝ իրենք էլ, մենք էլ»։
Նրա փոխանցմամբ, սահմանին «լարվածություն բացարձակապես չկա»․- «Ես երեկ մի քանի ժամ եղել եմ Վերին Շորժայում, եղել եմ էդ հատվածում, որտեղ էդ աշխատանքներն են, մեր զինված ուժերը ներկա են, աշխատում են, քարտեզները կան։ Սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, ընդամենը որոշ հատվածներում ռելիեֆի բարդությունից ելնելով մնացել էր»։