Մատչելիության հղումներ

Բեռլինում կգործի համավարակների վերլուծության և կանխարգելման համաշխարհային կենտրոն


Կորոնավիրուսի ախտորոշման կենտրոն, արխիվ
Կորոնավիրուսի ախտորոշման կենտրոն, արխիվ

Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանի փոխանցմամբ` աշխարհը պատրաստ չէր կորոնավիրուսի համավարակին:

Նման իրավիճակներում մոլորակին անհրաժեշտ է վաղ նախազգուշացման և արտակարգ արձագանքի առավել հզոր համակարգ:

Գերմանիան և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համատեղ ջանքերով Բեռլինում ստեղծելու են համավարակների մասին տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու կենտրոն:

Գերմանիայի պաշտոնյաների և ԱՀԿ ղեկավարների ու մասնագետների առցանց խորհրդաժողովին մասնակցել է նաև կանցլեր Անգելա Մերկելը:

«Աշխարհը հասկացավ, որ COVID-19 համավարակի նման գլոբալ մարտահրավերները կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով: Բոլորն ընդունեցին, որ այս բնագավառում կենտրոնական դերը պետք է վերապահվի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Հավաքած տեղեկատվության ճիշտ մշակումը և վերլուծումը կերաշխավորի արդյունք, որը երբևէ հնարավոր չէ ստանալ միայնակ գործելով, առնվազն հնարավոր չէ այդքան արագ ստանալ: Բեռլինում այս կենտրոնը կօգտագործի բոլոր տեխնիկական կարողությունները և արդյունքներով կկիսվի ամբողջ աշխարհի հետ»,- ասել է Անգելա Մերկելը:

«Այսօր ես և ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը պատիվ ունենք ծանուցելու, որ Գերմանիայի կառավարության աջակցությամբ Բեռլինում կբացվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության Պանդեմիայի և համաճարակների հետազոտական կենտրոնը», - ասել է Գերմանիայի առողջապահության նախարար Շպանը:

Նրա խոսքով, ճիշտ վճիռներ կայացնելու համար անհրաժեշտ են ավելի լավ վերլուծություններ և տվյալներ, ստեղծվելիք կենտրոնը որակական տեղաշարժ կապահովի և կերաշխավորի հուսալի ապագա:

Նոր կենտրոնը համագործակցելու է Գերմանիայի և այլ երկրների առաջատար հիվանդանոցների, պետական, գիտական և մասնավոր հիմնարկների հետ:

Կենտրոնի հիմնական առաքելությունը կլինի՝ հավաքել տեղեկատվություն ամբողջ աշխարհից, վերլուծել ու հնարավորինս արագ կանխատեսել այս կամ այն շրջանում համավարակի բռնկման հավանականությունը և ժամ առաջ կասեցնել դրա տարածումը:

Նախարար Շպանի համոզմամբ, Բեռլինն իր զարգացած ենթակառուցվածքներով այդպիսի կենտրոնի տեղակայման առումով շատ հարմար քաղաք է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խիստ քննադատության է ենթարկվել 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի տարածումը ժամանակին չկանխելու համար:

Ըստ ԱՀԿ-ի, համավարակի դեմ պայքարում, իհարկե, եղել են թերացումներ, և նույնիսկ ամենազարգացած երկրները պատրաստ չեն եղել դրան:

ԱՀԿ-ն ընդգծել է, որ աշխարհը պետք է ավելի մեծ ռեսուրսներ տրամադրի ապագայում տարատեսակ համավարակներ կանխելու համար:

XS
SM
MD
LG