Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Ղազանչեցոց տաճարի պատմաճարտարապետական ամբողջականությունը փոխելուն


Լուսանկարը Հունան Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը Հունան Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարում է, թե «ադրբեջանական տարածքների ազատագրումից հետո սկսել է վերականգնման և վերակառուցման աշխատանքները» այդ հատվածներում: Նման կերպ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայկական կողմի հայտարարությանը, որ Ադրբեջանը փոխում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի պատմաճարտարապետական ամբողջականությունը, հայկական եկեղեցու գմբեթներն է հանում:

Ըստ ադրբեջանական արտաքին գերատեսչության` Շուշիում «իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքների շրջանակներում վերականգնվում են մզկիթներ, պատմական հուշարձաններ, տաճարներ, տուն-թանգարաններ, ինչպես նաև Ղազանչեցեց եկեղեցին»: Նշվում է նաև, թե «վերակառուցման աշխատանքներն իրականացվում են հենց բնօրինակ ճարտարապետական ոճին համապատասխան»` Շուշիի պատմական պատկերը վերականգնելու համար:

Որ մայիսի 9-ին ընդառաջ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները հանվում են, դեռ երեկ համացանցում գրառում արեց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ կից տեղադրելով լուսանկարներ։ Հայկական հետքն ու դիմագիծը, հոգևոր ու մշակութային ժառանգությունը Ադրբեջանը վերացնում է վերանորոգման ու ռեստավրացիայի անվան տակ՝ ահազանգել էր հայկական կողմը:

Ադրբեջանի արտգործնախարարությունն իր հերթին մեղադրում է, թե «հայկական կողմն է ագրեսիվ քաղաքականություն վարել» նախկինում:

Հիշեցնենք`19-րդ դարում կառուցված Ղազանչեցոց եկեղեցին մեկ անգամ վնասվել է 1920-ին Շուշիի հայ բնակչության ջարդերի ժամանակ և ադրբեջանցիների կողմից օգտագործվել որպես պահեստ։ Եկեղեցին վերականգնվել էր 90-ականների պատերազմից հետո, երբ հայկական ուժերը գրավեցին բերդաքաղաքը։ Եկեղեցու վերակառուցված գմբեթը կրկին վնասվեց 44-օրյա պատերազմի ժամանակ՝ մեկ օրում Ադրբեջանի կրկնակի հրթիռակոծման հետևանքով։

XS
SM
MD
LG