«Եթե Հայաստանը երկնիշ տնտեսական աճ չունենա, հրաժարական կտամ», - այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
«Ճիշտ է՝ տնտեսական աճը մարտը մարտի նկատմամբ էդքան էլ ինձ չի գոհացնում, մեր հաշված 7 -7,5-i փոխարեն, նախնական տվյալներով, 3,8 տոկոս է հայտարարվել, բայց դա միևնույն է ապահովելու է մեր երկնիշ տնտեսական աճը տարվա վերջին», - ասաց Քերոբյանը:
Չնայած նախարարի պաշտոնակատարի լավատեսական սպասումներին՝ Հայաստանի ֆինանսների նախարարությունն ու Կենտրոնական բանկը 2021-ի համար կանխատեսել են բավականին համեստ՝ համապատասխանաբան 3,2 և 1,4 տոկոս տնտեսական աճ։ Շուրջ 3,1 տոկոս աճ էլ կանխատեսում է Համաշխարհային բանկը։
Երկնիշ տնտեսական աճ ապահովելու համար արդեն որոշակի դրական միտումներ պետք է լինեին, չափից շատ լավատեսությունը խանգարում է տնտեսությունում ճիշտ որոշումներ կայացնելուն, կարծում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Մենք պետք է ճիշտ պատկերացնենք խնդիրներն ու առաջնահերթությունները, որ կարողանանք որոշում կայացնել և ճիշտ ազդակներ ուղարկենք բիզնեսին և հանրությանը», - ընդգծեց տնտեսագետը:
Վահան Քերոբյանը նաև հայտարարեց՝ երկարաձգելու են Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքը, որն ուժի մեջ էր պատերազմից հետո՝ դեկտեմբերի 31-ին, 6-ամսյա ժամկետով. «Ըստ ամենայնի նաև ավելացնելու ենք արգելքը վաճառքի: Այսինքն կապ չունի, թե երբ է ներմուծվել, մենք միևնույն է սահմանափակելու ենք վաճառքը ևս, որովհետև որոշակի զարտուղի ճանապարհներով միևնույն է կարողանում են մտցնել, և պետք է մի քիչ խստացնել»:
Մինչ նախարարի պաշտոնակատարը պատասխանում էր լրագրողների հարցերին կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում օպտիմալացման պատճառով Էկոնոմիկայի նախարարությունում իրենց աշխատանքը կորցրած քաղաքացիները։ Վահան Քերոբյանը լսեց նրանց բողոքը:
Իրենց աշխատանքը կորցնում են գյուղատնտեսական խորհրդտվության նորարարությունների և մոնիթորինգի վարչության մի քանի տասնյակ աշխատակիցներ։
«Քանի որ մեզ տեղեկացրել են, որ մենք կրճատման տակ ենք գտնվում, մեր պահանջն է, որպեսզի լուծարեն այդ որոշումը», - ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Այս վարչության աշխատակիցները ստուգում են՝ արդյոք արդյունավե՞տ են ծախսվում միջոցները: Պետական ծրագրերի մոնիթորինգը այս վարչությունն է իրականացնում, ասում է Շիրակի բաժնի պետի պաշտոնակատար Արտակ Խաչատրյանը. «Պատկերացրեք՝ աշնանացան ցորենի ծրագիր է պետական սուբսիդավորման, ու այդտեղ պետք է չէ՞ ստուգել պետական միջոցները արդյոք արդյունավե՞տ են օգտագործվել, ծախսվել, արդյոք այդ ցորենն ընկե՞լ է հողի մեջ»:
Մարզային բաժիններում երեք հաստիք են թողնում. բաժնի պետ, գլխավոր և ավագ խորհրդատուներ, մանրամասնում է Կոտայքի բաժնի մասնագետ Էմիլյա Հայրապետյանը. «Մեր պահանջն է հենց պարոն նախարարին՝ Քերոբյանին, ինքը ասում է, որ պետք է թվայնացման անցնի ամբողջ գյուղատնտեսական համակարգը և մտածում է, որ ֆերմերները կարող են թվայնացումով ավելի շահել, բայց բաժիններ են մոտենում ֆերմերներ, մենք անձամբ ենք իրենց օգնում, որպեսզի իրենց փաստաթղթերը ներկայացնեն, որևէ պետական օժանդակության ծրագրերի շահառու դառնան, որն ինչքանո՞վ է ճիշտ: Ասում են՝ դե հեռախոսների մեջ ամեն ինչ կա, նախարարն է նշում, իրենք կարող են հեռախոսով դիմել և այլն, բայց այդ մարդիկ հեռախոսից չեն էլ օգտվում»:
Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մանրամասնում է՝ վարչության աշխատակիցների գործառույթների մի մասը մոնիթորինգն է, ինչը նախարարությունը պատրաստվում է պատվիրակել բանկերին ու ֆինանսական ընկերություններին. «Ինչ վերաբերում է մյուս բոլոր գործառույթներին, ևս լուծումները գտել ենք ու այնպես չէ, որ ամբողջ աշխատակազմը կրճատել ենք այդ ոլորտի, այդ վարչության»:
«Փորձում ենք հարկատուների միջոցները հնարավորինս արդյունավետ ծախսել, որպեսզի հնարավորինս բարձր արժեք ստեղծենք», - որոշումը այսպես բացատրեց նախարարի պաշտոնակատարը։
«Այդ գործողությունների ընթացքում, իհարկե, լինում են որոշակի փոփոխություններ: Հիմա նախարարության մյուս բոլոր կառույցներում ևս փոփոխություններ են արվում, որոշ բաժիններ, որոնք արդեն արդիական չեն, փակվում են, որոշ բաժիններ, որոնք պետք է ստեղծվեն, ստեղծվում են», - ասաց Քերոբյանը: