Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը հարցաքննվել է պատերազմին վերաբերող քրեական գործի շրջանակներում


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, արխիվ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, արխիվ

Արցախի նախագահը որպես վկա հարցաքննվել է 44-օրյա պատերազմին վերաբերող քրեական գործի շրջանակներում, տեղեկանում ենք Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան այսօրվա գրառումից։

«Որպես վկա հարցաքննվել եմ Արցախի Հանրապետության դատախազության քննիչների կողմից՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով։ Հաշվի առնելով տվյալ գործի կարևորությունը՝ հայտնել եմ հնչեցված հարցերի վերաբերյալ իմ ունեցած ողջ տեղեկությունները և վերահաստատել պատրաստակամությունս հետագայում ևս վարույթին օրենքով սահմանված կարգով մասնակցելու վերաբերյալ։ Հասկանալով մեր հայրենիքի կյանքի կարևորագույն ժամանակահատվածին՝ 44-օրյա պատերազմին վերաբերող իրադարձությունների բուն ընթացքն ու պատճառահետևանքային կապերը բացահայտելու հանրային պահանջը՝ առաջիկայում իմ իրական լիազորությունների ու իրազեկվածության սահմաններում նաև հանրայնորեն կներկայացնեմ որոշ հարցերի պատասխաններ»,- ասված է Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Արցախի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է սահմանադրական կարգը տապալելուն՝ մայր օրենքի առաջինից յոթերորդ հոդվածներով նախատեսված որևէ նորմի փաստացի վերացնելուն, և պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Արցախում գործող «Առաջ Արցախ» և «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպությունները դեռ անցած տարվա դեկտեմբերի 10-ին Արցախի գլխավոր դատախազություն հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին՝ հայտարարելով, թե պետք է պատասխանատվության ենթարկվեն 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի մեղավորները։

Արցախի գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ նշված հաղորդման հիմքով հարուցվել է երեք քրեական գործ՝ պետական դավաճանություն, սահմանադրական կարգի տապալում և պաշտոնեական անփութություն։ Պաշտոնեական անփութության հատկանիշներով ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ Արցախի օմբուդսմենի հաղորդման հիման վրա։ Բոլոր չորս քրեական գործերով այս պահին մեղադրյալ ու կասկածյալ չկա, իսկ նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հարցաքննվել է դեռ մայիսի 1-ին։

«Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մինչև հիմա կատարվել են զննություններ, հարցաքննություններ, տեղեկություն ստանալու համար հարցումներ են կատարվել պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց, որոնց պատասխանները ստանալուց հետո նախաքննությունը կմտնի առավել ակտիվ փուլ: Բացի հանրապետության նախագահից, Ազգային ժողովի 27 պատգամավոր է հարցաքննվել այդ շրջանակում», - հայտնեց Կիմ Գաբրիելյանը:

Այսօր դիմեցինք Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանին՝ չնայած նախագահ Հարությունյանը բազմիցս է խոսել 44-օրյա պատերազմի մասին, սակայն կա՞ն ինչ-որ հանգամանքներ, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ, և Արցախի նախագահը մտադիր է խոսել այդ մասին։

«Բնականաբար, կան նման հանգամանքներ, դրանց մի մասը, ինքներդ եք հասկանում, պետական գաղտնիք են կամ առնչություն ունեն այնպիսի հանգամանքների, որոնք պետական գաղտնիք են հանդիսանում: Բնականաբար, այս տեղեկություններն առայժմ փակ են լինելու, մինչև վաղեմության ժամկետը չանցնի», - ասաց նա:

2002թ.-ից գործող «Հայկի Սերունդ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահը, ով այսօր էլ ղեկավարում է ՀԿ-ն, Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի փոխնախարար Արմինե Պետրոսյանն է։ «Հայկի Սերունդ» ՀԿ փոխնախագահ Վլադիմիր Գրիգորյանը «Ազատությանը» փոխանցեց, թե այդ հանգամանքը ամենևին էլ չի կաշկանդել կազմակերպությանը դիմել իրավապահ մարմնին՝ պարզելու, թե Արցախի իշխանությունները, որքանով են իրավաչափ գործել 44-օրյա պատերազմի ընթացքում. «Հասարակական կազմակերպությունն ինքը մեծ կազմակերպություն է, որտեղ ընդգրկվում են տարբեր շերտի մարդիկ, տարբեր ներկայացուցիչներ, տարբեր պետական և ոչ պետական համակարգի աշխատողներ, և ընդհանուր առմամբ հավաքական կարծիք է դա, այսինքն` այդ առումով մենք որևէ կաշկանդվածություն երբևիցե չենք ունեցել»:

Գրիգորյանը պնդեց՝ դատախազություն դիմելու միակ շարժառիթը պարզելն է՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատերազմի ժամանակ գործե՞լ են Արցախի Սահմանադրության համաձայն։ Օրինակ, ի՞նչ միջոցներ են ձեռնարկել, որպեսզի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը չմտնի ուժի մեջ, ըստ որի Ադրբեջանին անցան «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ Արցախի անբաժան մասը համարվող տարածքները՝ առանց հանրաքվեի»։

Արցախի նախագահի մամուլի քարտուղարից հետաքրքրվեցինք՝ արդյոք նման քրեական գործի հարուցումը իրականում հարմար առիթ չի՞ ստեղծում հանրությանը ցույց տալու, որ Արցախի իշխանությունները պատերազմի ընթացքում գործել են Սահմանադրությանը համաչափ՝ կիրառելով իրենց իրավասության ներքո եղած բոլոր լծակները։

«Ինչ-որ բան ցույց տալու խնդիր չկա ընդհանրապես», - արձագանքեց նախագահի մամուլի քարտուղարը:

XS
SM
MD
LG