Մատչելիության հղումներ

Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, վստահեցնում է Բայրամովը


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքի շրջանակներում, հայտարարել է երկրի արտգործնախարարը։

Ջեյհուն Բայրամովն այս մասին խոսել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ ասուլիսում, ով Բաքու մեկնելուց առաջ ժամանել էր Երևան և հայտարարել, թե Ադրբեջանում պահվող բոլոր գերիները պետք է վերադարձվեն։

«Ադրբեջանական կողմը ամենայն պատասխանատվությամբ իրագործում է ստանձնած պարտավորությունները, գերիների փոխանակումն ավարտվել է նոյեմբերի վերջին», - ի պատասխան՝ հայտարարել է Բայրամովը, վերստին պնդելով, թե Ադրբեջանում այժմ պահվող 62 հայ զինծառայողները ձերբակալվել են հրադադարից հետո, և նրանց գործողություններին պետք է իրավական գնահատական տրվի։ «Ես այս տեղեկությունները փոխանցել եմ Լիտվայի արտգործնախարարին», - ասել է Բայրամովը։

Վերջինս կրկին հորդորել է միջազգային համայնքին ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ ականապատման քարտեզները տրամադրելու համար։

Պաշտոնական Երևանը, հիշեցնենք, շաբաթներ առաջ հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցով նաև միջազգային ճնշումներին ի պատասխան՝ Բաքուն «փորձում է իր համար արդարացման հիմքեր ապահովել՝ առաջ քաշելով ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգ»:

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 69-ը, նաև Բեյրութ է վերադարձել լիբանանահայ մի կին։

Ադրբեջանը, սակայն, հաստատել է 72 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 56-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

XS
SM
MD
LG