Մատչելիության հղումներ

Սյունիք-Ադրբեջան նոր ձևավորվող սահմանին չեզոք գոտի պետք է ստեղծվի, հայտարարում է ԱԱԾ փոխտնօրենը


Սյունիք-Ադրբեջան նոր ձևավորվող սահմանին չեզոք գոտի պետք է ստեղծվի, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը։

Մելքոնյանն ասաց՝ Արտաքին գործերի նախարարությունում ձևավորված հանձնաժողովը այս փուլում ուսումնասիրում Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիային վերաբերող հարցերը։ Գեներալ-լեյտենանտը ընդունում է՝ մինչ այդ չի կարելի է ասել, որ Սյունիքի հատվածում պետական սահմանը անվտանգ է

«Սահմանային շերտում պետք է մշտական բնակչություն չլինի: Մեր մոտ իրավիճակ է ձևավորվել՝ սահմանային գծի մոտ են բնակվում, բնականաբար, այդ ամեն ինչը ժամանակի ընթացքում պետք է լուծումներ ստանան, որպեսզի համապատասխանեցնեն սահմանների պահպանությանը», - նշեց Մելքոնյանը:

Հարցին՝ այսինքն չեզոք գոտու հարց պետք է լուծվի՞, ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց. «Սահմանային շերտի չեզոք գոտի երկու կողմից, որտեղ շփումը բացառվի՝ առավել ևս բնակիչների և հակառակ կողմի զինվորների»:

Թե ի՞նչ տարածքի հաշվին է լինելու չեզոք գոտին, Ստեփան Մելքոնյանն արձագանքեց. «էդ կիլոմետրանոց շերտը ամեն մի պետություն իրա տարածքի հաշվին է անում, հարևան տարածքի հաշվին այդ շերտը չեն կառուցում: Նրանք իրենց տարածքում պետք է անեն, մենք՝ մեր տարածքում»:

Սյունեցիները պարբերաբար բարձրաձայնում են ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների մասին։ Այս մասին պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ԱԱԾ փոխտնօրենին հարցեր ուղղեցին պատմգավորները։ ԵԿՄ նախագահ, իշխող «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը պատմեց՝ օրերս 2 ժամից ավելի մեքենայով կանգնած է եղել Սյունիքի մարզի նոր ձևավորվող պետական սահմանին և չի հանդիպել ոչ Հայաստանի, ոչ էլ Ռուսաստանի Դաշնության սահմանապահներին։

«Պարզ ասեմ, այդտեղ թաքցնելու բան չկա, այնտեղ ամեն պահի կարա թուրքը մարդ տանի ճանապարհից, պարզ բան է դա, հասկանալի: Պիտի մի հատ տենց դեպք լինի նո՞ր մտածենք» - հարցրեց Միքայելյանը:

«Ամբողջ օրենսդրական մասով կանոնակարգված չէ: Այստեղ շատ դեպքերում հարցեր են ծագում, որ օպերատիվ միջամտություն է անհրաժեշտ և տեղում հարցերի կարգավորում», - արձագանքեց Մելքոնյանը:

ԱԱԾ փոխտնօրենը Ազգային ժողովում էր վարչապետի հանձնարարականով ԱԱԾ-ում մշակված նախագիծը ներկայացնելու համար։ Փոփոխությամբ առաջարկվում է սահմանային շերտում օրենքով արգելել անօդաչու թռչող սարքերի կիրառումը, ինչպես նաև տեսալուսանկարահանում անել։

Կառավարության ներկայացրած այս նախագիծը այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ։ Սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաև բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափով՝ ներկայիս գործող 30-պատիկի փոխարեն:

Նոր սահմանափակումները կիրառվելու են բացառապես պետական սահմանի սահմանային շերտում, իսկ Սյունիքի մարզի նոր ձևավորվող պետական սահմանի 520 կմ հատվածով կկիրառվեն այն ժամանակ, երբ հստակ կորոշվի սահմանային շերտը:

«Սովետական Միության ժամանակ այդ սահմանային գոտին 25 կմ էր, պատկերացրեք՝ երկու կողմից 25 կմ՝ տակը բան չի մնա Հայաստանից: Մեր օրենսդրությունով ուղղակի 1 կիլոմետրանոց սահմանային շերտի մասին է խոսքը գնում, որտեղ և կիրառվում են այդ սահմանափակումները: Ինչ վերաբերում է հակառակ կողմից նման գործողությունների հետ կապված, բնականաբար, երբ որ այն հատվածները, որտեղ արդեն կանոնակարգված սահման ունենք, պրակտիկայում սահմանային ներկայացուցիչների ինստիտուտ գոյություն ունի, որը երկու կողմից հաստատված սպաներ են: Հանդիպումներ են պարբերաբար անցկացնում և նման իրավիճակների՝ կոնֆլիկտային կամ նման իրավիճակում հանդիպում է անցկացվում, և նման կոնֆլիկտները լուծում են ստանում այդ հանդիպումների արդյունքում: Ադրբեջանական կողմի հետ այս հատվածում, բնականաբար, քանի դեռ ոչ մի բան կարգավորված չէ, նման հարցերը կարգավորվում են ուղղակի օպերատիվ եղանակով՝ ռուսական սահմանապահ զորքերի հետ միասին միջնորդավորված հանդիպումներ են իրականացվում», - ասաց Մելքոնյանը:

ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը անդրադարձավ նաև Մեղրիի միջանցքի վերաբերյալ խոսակցություններին, վստահեցնելով, որ դրա մասին խոսք չկա և չի կարող լինել: Մանրամասնեց կարող են լինել լ հնարավոր լոգիստիկ ճանապարհներ, կարող են լինել տրանզիտ բեռնափոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, բայց ոչ թե միջանցք։ Զանգեզուրի միջանցքի մասին պնդումներ պարբերաբար անում է Ադրբեջանի նախագահը։

XS
SM
MD
LG