Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը: Ըստ Փաշինյանի` այս հայտարարությամբ շեշտվում էր Ղարաբաղի հարցի կարգավորման անհրաժեշտությունը՝ այսպիսով ընդգծելով հարցի չկարգավորված լինելը:
«Ադրբեջանը փորձում էր ներկայացնել, թե Ղարաբաղի հարցը լուծված է այլևս, որ Ղարաբաղի հարց չկա: Բայց համանախագահներն ընդգծեցին, որ հարցը պետք է կարգավորվի, ընդ որում կողմերին հայտնի սկզբունքների և էլեմենտների հիման վրա», - Վայոց ձորի մարզ կատարած այցի ընթացքում հայտարարել է Փաշինյանը:
Համանախագահները կողմերին հիշեցրել էին, որ հարկավոր են լրացուցիչ ջանքեր` դեռևս մնացած հարցերը լուծելու և երկարաժամկետ խաղաղությանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար:
Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է նաև մի շարք այլ հարցերի, նախ խոսել հայ-ռուսական գործընկերության մասին, նշել` այն ամուր է, ինչպես միշտ է ամուր եղել, ինչպես շարունակելու է ամուր մնալ, Ռուսաստանը Հայաստանի եղբայր պետությունն է, բայց միաժամանակ նկատել՝ հարկ է արձանագրել, որ Ռուսաստանն Ադրբեջանի թշնամին չէ, և Ադրբեջանն էլ Ռուսաստանի թշնամին չէ:
Գործադիրի ղեկավարը վերահաստատել է իր գնահատականը, որ 44-օրյա պատերազմն անխուսափելի էր, որովհետև 2018թ. դրությամբ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով զիջումների իմաստով, ըստ էության, հասել էր իր կարմիր գծերին և հատել էր այդ կարմիր գծերը. «Այլընտրանք չկար, քան փորձել կանգնել և պաշտպանել մեր իրավունքը և պաշտպանել հայ ժողովրդի ու Արցախի ժողովրդի շահը:
Բայց ձեզ ավելին ասեմ՝ նույնիսկ, եթե մենք այդ զիջումների գնով փորձեինք գնալ խաղաղ կարգավորման, կրկին լինելու էր պատերազմ: Ինչո՞ւ, որովհետև միջնորդական շրջանակների միջև և տարածաշրջանում հակասություններն այնքան էին խորացել, որ չէր լինելու որևէ լուծում, եթե նույնիսկ Հայաստանն իր շահերին ոչ համապատասխան որևէ լուծման համաձայնվեր: Չէր լինելու որևէ լուծում, որին կհամաձայնեին այլ խաղացողներ: Եվ, հետևաբար, այս հակասությունների կոնտեքստում պատերազմը ծագելու էր անխուսափելիորեն»:
Ըստ նրա` հիմա գլխավոր հարցն այն է, թե ինչպես հաղթահարել պարտությունը: Իր առաջարկած ճանապարհը աշխատանքն է` ստեղծարար:
Փաշինյանը խոսել է նաև տնտեսությունից, այս համատեքստում անդրադարձ կատարել ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին միջանցքի վերաբերյալ. «Ադրբեջանն անընդհատ հայտարարում է՝ «Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք»: Մենք հարց ենք տալիս, ընդգծելով՝ համատեղ ստորագրված փաստաթղթի մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Մեղրի, ո՛չ էլ միջանցք արտահայտություն կա:
Նրանք շարունակաբար ասում են՝ մենք «Զանգեզուրի միջանցք» ենք ունենալու: Լավ, հայտարարում են՝ հայտարարում են, մենք էլ ուրեմն Նախիջևանի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Այսինքն ճանապարհ կտանք՝ ճանապարհի դիմաց: Պատկերացրեք, Հայաստանի տնտեսությունն ինչ փոփոխություններ կապրի, եթե ունենանք երկաթուղի Իրանի Իսլամական Հանրապետության հետ և Ռուսաստանի Դաշնության հետ: Սա մեր կարևորագույն խնդիրն է, որից հետո Հայաստանը հնարավորություն կստանա օգտվելու իր ամենամեծ հարստությունից»:
Իր առաջնորդած իշխանության մասին հնչող քննարկումները ևս չի անտեսել, հայտարարել է` իրենք թույլ չեն. «Մենք ուժեղ իշխանություն ենք:
Ո՛չ, մեր իշխանությունն ուժեղ է, կամ մեր իշխանությունն ի՞նչ պետք է աներ, որ ասեին՝ ուժեղ իշխանություն է: Ի՞նչ, պետք է մտնեինք, խորհրդարանում գնդակահարեինք երկրի քաղաքական էլիտային, կամ պետք է մեկն ասեր՝ «պրիվետ Նիկոլ», պետք է տանեին, ծեծելով զուգարանում սպանեին, որ ասեին՝ տեսեք` ինչ ուժեղ իշխանություն է: Թույլ իշխանություն ենք, որ ոչ Բադեն-Բադենում ենք տուն ձեռք բերել, ոչ հունական կղզիներում, ոչ շվեյցարական բանկերում միլիոններ ունենք, ոչ հայկական բանկերում միլիոններ ունենք»:
Փաշինյանը ևս մեկ անգամ հավաստիացրել է` Հայաստանում, Արցախում ապագա կա: