Մատչելիության հղումներ

Ադրբեջանցիները հարվածել են արավուսցի հովվին, աչքը վնասել, ըստ կնոջ` սպառնացել Բաքու տանել


Արավուսցի հովիվ Ֆելքիս Ավագյանին հարվածել են ադրբեջանցիները, վնասել նրա աչքը: Ասաց՝ դեղերը չեն օգնում, բժշկի կարիք ունի: «Օղռաշները թխալ են, աչքս ըշխատում չի, էնքան դեղ եմ արել, արել, չի ըշխատում», - ասում է նա:

Սյունիքի մարզի Արավուս գյուղն էլ այս պատերազմից հետո սահմանամերձ դարձավ, սահմանային ճշտումներից հետո գյուղին մնացած արոտավայրերը հենց ադրբեջանական հենակետերի քթի տակ են: Հովիվ Ֆելիքս Ավագյանին ադրբեջանցի զինված զինվորները մոտեցել են, սպառնացել, հայհոյել, խփել՝ թե հեռացեք անասուններով հանդերձ, բայց «դա մեր հողն է», ադրբեջանցիներին հակադարձել ու հիմա էլ կրկնում է հովիվը. «Դա մեր սեփական հողն է»:

«Իրա հողն ա եղել, եկել են` թե հեռացեք, Բաքու ենք տանելու: Խփել են մեջքին, ավտոմատը պահել վրան, պաշտպանվել ա 8 հոգու մեջ», - պատմում է Նարինե Ավագյանը` Ֆելիքս Ավագյանի կինը:

Ֆելիքս Ավագյանից բացի, արավուսցի մեկ այլ հովիվ` Սերյոժա Ջահանգիրյանն էլ է վերջին օրերին ադրբեջանցի զինվորներից սպառնալիքներ ստացել, այժմ մարդիկ զգուշանում են և հոտն այդ արոտ չեն տանում։ Արավուսը Տեղ խոշորացված համայնքի գյուղերից է։ Տեղի համայնքապետ Ներսես Շադունցն այսօր ռուս խաղաղապահներին է հրավիրել՝ իրավիճակը հանգուցալուծելու համար. «Հիմա այս պահին մենք նստած քարտեզի վրա իրենց հետ միասին աշխատում ենք, իրենք փորձելու են հարցը բարձրացնեն ավելի վերին ատյանների, փորձենք իրենց միջոցով հակառակորդին ասենք, որ այդ տարածքները մերն են»:

Տեղ համայնքի կազմում 7 գյուղեր են, 7-ն էլ` այժմ սահմանամերձ։ Արավուսը ադրբեջանական նոր սահմանից մի քանի հարյուր մետրի վրա է։ Համայնքապետը շեշտում է՝ մինչև վերջին շաբաթը այսպիսի միջադեպեր չէին գրանցվել, ենթադրում է, որ ադրբեջանական դիրքերում նոր հերթափոխ է եկել, գուցե ավելի ագրեսիվ. «Իրենք իրենց դիրքերն ամրացրել են, կանգնել են, հակառակորդի կողմում հերթափոխ է տեղի ունեցել, հերթափոխից հետո մոր հովիվները, որ արոտավայր են տանում մեր անասունները, իրենց մի քիչ ոնց որ դուր չի եկել դա, որ մոտիկանում են 100-150 մետր, այդ արոտավայրը մոտիկանում է իրենց պոստերին: Հիմա հերթափոխ է եղել, ոնց հասկանում եմ իրենց մոտ, կարա լինի նաև էդպիսի բան, որ ոչ ադեկվատ վիճակում են եղել»:

Ներսես Շադունցը խնդրի խաղաղ կարգավորման հույս ունի՝ խաղաղապահների աջակցությամբ: Արավուսն առանց այս էլ հիմնական արոտավայրերը կորցրել է։ Պատերազմից հետո գյուղացիները անասնագլխաքանակի 65 տոկոսը վաճառել են, քանի որ արոտավայրը չի բավականացնում։ Վերջին միջադեպից հետո էլ գյուղի անասունները բանտված են գոմերում. «Անասունի տեղ չկա, վիճակ չկա», - ասում է Ֆելիքս Ավագյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է արձագանքել Արավուսի միջադեպին. այն, ինչ ադրբեջանցի զինծառայողներն են արել, հանցավոր ոտնձգություն է Հայաստանի սահմանային բնակչի նկատմամբ:

«Տեղի ունեցածն ակնհայտորեն հաստատում է Հայաստանի քաղաքացիների՝ Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումները:
Այս միջադեպերն ակնհայտ հիմնավորում են Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկն այն մասին, որ Հայաստանի քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ ստեղծվի անվտանգության գոտի», - ասված է հայտարարության մեջ:

Պատերազմից հետո ադրբեջանցիները տեղակայվեցին արավուսցիների տներից 200-300 մետրի վրա: Գյուղը 162 բնակիչ ուներ պատերազմից առաջ, 162 բնակիչ ունի հիմա։

XS
SM
MD
LG