Մատչելիության հղումներ

Զելենսկին հանձնարարել է բանակցել՝ Պուտինի հետ հանդիպում կազմակերպելու համար


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 26-ի ճեպազրույցում ասել է, թե «ամեն ինչ գնում է նրան, որ Պուտինի հետ հանդիպումը պետք է կայանա»։

Նա հայտնել է, որ իր աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին հանձնարարել է հանդիպման ժամկետներն ու վայրը որոշելու նպատակով բանակցություններ սկսել Ռուսաստանի նախագահի աշխատակազի հետ։

Զելենսկին իր երկրի արևելյան սահմանների մոտ ռուսական զինուժի կուտակման կապակցությամբ վերջին շրջանում մի քանի անգամ ասել է, թե կցանկանար «Դոնբասի ցանկացած կետում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել լարվածությունը թուլացնելու հնարավորությունը»:

Պուտինն, արձագանքելով Ուկրաինայի առաջնորդի առաջարկին, ասել էր, որ եթե խոսքը Դոնբասի խնդիրները քննարկելու մասին է, ապա Ուկրաինայի ղեկավարությունն առաջին հերթին պետք է հանդիպի Լուգանսկի և Դոնեցկի ղեկավարների հետ: Պուտինի կարծիքով` հենց այդպես պետք է սկսել Դոնբասի շուրջ հակամարտության կարգավորումը, իսկ հետո արդեն հարցերը քննարկել ցանկացած երրորդ երկրի, այդ թվում` Ռուսաստանի հետ:

Նա պատրաստակամություն է հայտնել ցանկացած հարմար պահի Զելենսկուն ընդունել Մոսկվայում, եթե խոսքը կգնա երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին:

XS
SM
MD
LG