Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական տվեց։ Այսօրվա ուղերձում Փաշինյանը բացատրեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ հնարավոր է անցկացնել միայն մեկ պարագայում, երբ ինքը հրաժարական տա, ու խորհրդարանը երկու անգամ չընտրի վարչապետի թեկնածու։
«Խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ չի ընտրի, և Ազգային ժողովը կհամարվի արձակված, ու կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - ասաց նա:
Գործադիրի ղեկավարը հայտնեց՝ այս ընթացքում կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած նախագահ Արմեն Սարգսյանն, ինչպես երկրի մայր օրենքն է նախատեսում, ընդունեց կառավարության հրաժարականը:
Սահմանադրության համաձայն՝ կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
Փաշինյանի խոսքով՝ ինքը կարող էր այլ օր հրաժարական տալ, բայց կարևոր համարեց հենց 2019-ին տոնացույցում ավելացված Քաղաքացու օրը հրաժարական տալ. «Սա կարևոր խորհրդանիշն է այն բանի, որ այսպիսով Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացած իշխանությունը մենք վերադարձնում ենք քաղաքացուն, որպեսզի նա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որոշի իշխանության հետագա ճակատագիրը ազատ, արդար, մրցակցային ընտրություններով»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2020 թվականի աղետալի իրադարձությունների պատճառների, հիմքերի, լուծումների մասին արտահայտվել են գրեթե բոլորը՝ քաղաքական ուժերը, կառավարության անդամներ, մտավորականներ, հոգևորականներ, հասարակական կազմակերպություններ, ոչ ֆորմալ խմբեր: Միայն ժողովուրդը կարծիք արտահայտելու ինստիտուցիոնալ հնարավորություն չի ունեցել. «Ուրեմն՝ ժողովուրդը պետք է իր խոսքն ասելու, անցյալի ու ներկայի վերաբերյալ գնահատականներ տալու և ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա»:
Փաշինյանը հիշեցրեց, որ 2021-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկ ինքն արել է դեռևս նախորդ տարեվերջին, սակայն մի շարք քաղաքական ուժերի կողմից այն մերժվել է։ Ընդգծեց` «Քաղաքացիական պայմանագիրն» այս ընտրություններին ևս մասնակցելու է, ինքն էլ լինելու է վարչապետի թեկնածու. «Մենք հնազանդորեն կենթարկվենք ժողովրդի կայացրած որոշումներին և անմնացորդ կկատարենք մեր պարտականությունները ժողովրդի առաջ: Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ վարչապետի պաշտոնից, ես կկատարեմ այդ որոշումը, եթե ժողովուրդը որոշի, որ պիտի շարունակեմ պաշտոնավարել որպես վարչապետ, ես կկատարեմ այդ որոշումը»:
ԼՀԿ-ն չի գնում ընտրության գործող կամ նախկին իշխանության վերարտադրության համար
Խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանից» էլ վստահեցնում են՝ իրենք այս ընթացքում չեն առաջադրի վարչապետի իրենց թեկնածուին և չեն էլ պաշտպանի որևէ այլ թեկնածուի. «Որպեսզի խորհրդարանն արձակվի, և որպեսզի երկրում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչը նրա համար է, որ երկրում հետ գանք խաղաղության, հանդարտության, համերաշխության և միասնության և սկսենք հերթականությամբ հաղթահարել այդ բարոյական ճգնաժամը, քաղաքական, սոցիալական, տնտեսական, հումանիտար ճգնաժամը»:
Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե իրենք չեն գնում ընտրություններին, որ վերարտադրեն գործող իշխանությանը կամ էլ, իր ձևակերպմամբ, «հներին»։ Իսկ դրա համար կոչ արեց ընտրել «Լուսավոր Հայաստանին»։ Հակառակ դեպքում, վստահ է, որ կամ գործող, կամ էլ նախկին իշխանությունների մաս կազմող ուժերի իշխանության գալու դեպքում արտագաղթ է սկսվելու. «Երկու պարագայում էլ արտագաղթի շատ մեծ վտանգ կա. եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, մեծ արտագաղթ է սպասվում երկրում, հանկարծ ու հանկարծ իրենց սարքած օպոնենտները, էտ որ տենց օպոնենտներ կան, նրանցից որևէ մեկը հաջողություն ունենա, էլի մեծ արտագաղթ է սպասվում երկրում: Մենք պետք է իրար հետ այս արտագաղթը կանխենք և ընտրություններով ենք դա կանխելու»:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու է նաև մյուս խորհրդարանական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը»։