Մատչելիության հղումներ

Վարչապետի հրաժարականը նախատեսվում է ապրիլի վերջին տասնօրյակում


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արխիվ

«Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հաջորդ շաբաթ», - «Ազատության» հետ զրույցում իշխանական պատգամավորները հենց Փաշինյանի խոսքերին հղում անելով էին ասում՝ վարչապետի հրաժարականը կլինի ապրիլի վերջին տասնօրյակում։

Ավելի կոնկրետ էր «Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանը. «Վարչապետը կառավարության կատարողականի ընթացքում նշեց, որ [հրաժարականը] կլինի ապրիլի վերջին տասնօրյակում, ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթ այդ ընթացքը կլինի»:

Ընտրությունները չեղարկելու քննարկում չկա, վստահեցնում էր իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Հրապարակ»-ի այսօրվա հոդվածին, թե Նիկոլ Փաշինյանը սյունիքյան վերջին դեպքերից հետո «բանակցում է Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու և ընտրությունները չեղարկելու հարցով»։

«Ընտրությունները չեղարկելու հետ կապված ոչ միայն այլ խմբակցությունների, կուսակցությունների հետ քննարկում չի եղել, այլ նաև՝ մեր քաղաքական թիմի ներսում, հետևաբար մենք շարժվում ենք այն հրապարակված պլանով, որը ներկայացրել ենք հանրությանը: Այն է, որ մինչև ապրիլի վերջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի հրաժարական, և կգնանք արտահերթ ընտրությունների», - ընդգծեց Մակունցը:

Քոչարյանը հայտարարում է՝ ընտրությունը երկու բևեռի մեջ է լինելու, ինքն էլ՝ հիմնական թիրախը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, արխիվ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, արխիվ

Ընտրությունը երկու բևեռի մեջ է լինելու, ինքն էլ՝ հիմնական թիրախը, աջակիցների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այդ հանդիպումից որոշ հատվածներ հրապարակվել են նրա ֆեյսբուքյան էջում, որտեղ իր աջակիցներին հանգստացրել է, թե չմտածեն՝ իշխանությունը քարոզչություն է անում, իրենք՝ հետ են մնում: Քոչարյանը կարծում է՝ իր քարոզչությունը հենց իշխանությունն է անում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, հաջորդ օրվանից, ըստ նախկին նախագահի, սկսելու են աշխատել։

Հրապարակման համաձայն, այդ հանդիպումը տեղի է ունեցել 2 օր առաջ։ «Ես գիտակցում եմ, որ հիմնական թիրախը ես եմ լինելու, գիտակցում եմ, որ այդպես է լինելու և հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ: Ընտրությունները լինելու են երկբևեռ, և այն, ինչ անում է այսօր իշխանությունը՝ կապված իմ հետ կամ հնարավոր այն դաշինքի հետ, որը ես եմ գլխավորելու, իրենք իմ դեմ քարոզչություն են անում: Իրենք աջակցում են և աջակցելու են այս բևեռի ձևավորմանը», - ասել է Քոչարյանը:

Նախկին նախագահը խոսել է դաշինքից, որը գլխավորելու է, բայց այդպես էլ չի հստակեցրել՝ որ ուժերի նախընտրական ցուցակով է գնալու առաջիկա արտահերթին։ Մամուլը գրում է՝ Դաշնակցության ու Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստանի» հետ։

Ըստ Քոչարյանի՝ ինքը գալիս է իշխանության արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար, այլ ընտրության դեպքում կանխատեսում է՝ անարժանապատիվ ապագա։

«Երբ Տավուշում մեկ դիրք են գրավել, պարզվել է, որ ինքը կոորդինացնում էր մարտական գործողությունները, հիմա այս պատերազմի ժամանակ պարզվում է, որ ինքը ընդամենը մոդերատոր է՝ սրան էր խոսք տալիս, նրան էր խոսք տալիս և այդպես է լինելու բոլոր հարցերը: Պատասխանատվությունից փախնող իշխանությունը օր առաջ պետք է զրկվի այդ իշխանությունից», - նշել է երկրորդ նախագահը:

«Փորձում է սենց հարցազրույցներով այդ բևեռը ձևավորել, բայց դա իր մոտ չի ստացվելու, որովհետև վառ են մարդկանց մոտ հիշողությունները իր կառավարման տարիների, ինչպես նաև այդ, այսպես ասած, բևեռը ասելիք չունի բացի ատելությունից: Ես շանսերը գնահատում եմ շատ ցածր», - ասաց «Իմ քայլից» Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին չի համարում իշխանության հիմնական մրցակիցը՝ ասում է՝ նրա շանսերը ցածր են, հարցումներն են դա վկայում։

«Եթե ճիշտ գնահատի իր հնարավորությունները, կհասկանա, որ Դաշնակցությունով, նախկին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կուսակցությունով մասնակցելն այնուամենայնիվ իրեն մեծ շանսեր չի տալու: Ես գիտեմ, որ իր հույսն այն էր, որ ինքը կկարողանար կոնսոլիդացներ այսպես ասած այդ 17 ուժերը, բայց, այնուամենայնիվ, ո՛չ «Հայրենիք» կուսակցությունը, ես գիտեմ, ո՛չ «Բարգավաճ Հայաստան​» կուսակցությունը, ո՛չ Հանրապետական կուսակցությունը չեն ուզում որևիցե առնչություն ունենալ Քոչարյանի հետ՝ հասկանալով, որ խոսքը գնում է ուղղակի մասնակցություն մասնակցության համար տրամաբանությամբ: Հաշվի առնելով վերջին հարցումները, կարծում եմ, իր կողմից մասնակցել ուղղակի մասնակցության համար կամ 5-7 տոկոս հավաքելու համար այդքան էլ ժիշտ քաղաքական որոշում չէ, բայց իր ընտրությունն է», - նշեց Սիմոնյանը:

XS
SM
MD
LG