Մատչելիության հղումներ

Հայաստանում շատ հավանական են համարում Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը


Հայաստանի և ԱՄՆ-ի նախագահները, արխիվ
Հայաստանի և ԱՄՆ-ի նախագահները, արխիվ

Ակնկալում ենք, որ կվերահաստատեք պատմական արդարությունն առաջ մղելու և «նոր ցեղասպանությունները կանխելու՝ Ձեր հանձնառությունը», նախագահականի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանն է նամակ գրել Ջո Բայդենին` ըստ էության հիշեցնելով նրա նախկին խոստումները:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակում է ճանաչել մարդկության դեմ իրականացված հանցագործությունը։ Մենք համոզված ենք, որ ցեղասպանությունների ու ցեղասպան քաղաքականության կանխարգելման գործիքներից մեկը դրանց ճանաչումն ու դատապարտումն է», - ասված է նամակում:

Ի տարբերություն նախորդ տարիների՝ Ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին հայաստանցի պաշտոնյաներն ավելի ակտիվորեն են անդրադառնում ԱՄՆ նախագահի հնարավոր ճանաչմանը:

New York Times-ի հետ զրույցում էլ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն է կարծիք հայտնել՝ ԱՄՆ կողմից ճանաչումը յուրատեսակ բարոյական ազդանշան կդառնա շատ երկրների համար։ Սա, ըստ Այվազյանի, միայն Հայաստանի ու Թուրքիայի մասին չէ, սա անցյալ, ներկա և ապագա ցեղասպանությունները ճանաչելու և դատապարտելու պարտքի մասին է։

Ամերիկյան հեղինակավոր պարբերականների հրապարակումներից հետո, թե ապրիլի 24-ին Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այդ սցենարը հավանական համարողների թիվը Հայաստանում մեծացել է։

«Մի քանի օր առաջ ասում էի` այս տարի հավանակությունը մեծ է` 50/50: Ոչ, սրանից առաջ չի եղել այդքան մոտ: Երեկ գիշերվանից կարող է մի քիչ փոխեմ, ասեմ 51», - ասում է Կիրո Մանոյանը:

Բայդենի ճանաչումը հավանական համարող գործիչներից մեկն էլ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն է։ Կարծում է՝ եթե դա տեղի ունենա, մեծ ճնշում կլինի Թուրքիայի վրա. «Ամերիկյան ռազմաբեմի վրա, այսպես ասած, հայ-թուրքական կռիվ է, ի վերջո, քաղաքական կռիվ է, և այդ քաղաքական կռվում հայկական կողմը հաղթած դուրս կգա, և դա արդեն ճնշում կլինի Թուրքիայի վրա»:

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ հավանական է համարում նաև թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ի՞նչ կլինի դրանից հետո. նախ, ասում է, մի շարք պետություններ կհետևեն Միացյալ Նահանգների օրինակին, բացի այդ, եթե Հայաստանը հատուցման պահանջով որոշի ընդդեմ Թուրքիայի դիմել Հաագայի դատարան, դա կարող է լուրջ ազդեցություն ունենալ. «Ամերիկայի Միացյալ Նահանգները եթե ավարտի ճանաչելը, ապա ես կարծում եմ` դա ընդհանրապես աշխարհում կփոխի մթնոլորտը Հայոց ցեղասպանության ճանաչման առումով, և դա կազդի նաև վերջիվերջո այն դատավորների վրա, միջազգային տրիբունալի` Հաագայի, որտեղ մենք պետք է ըստ էության դիմենք` հատուցում ստանալու համար, եթե հետագայում դիմենք: Քանի որ դատավորներն էլ կենդանի մարդիկ են, և այն հանգամանքը, որ աշխարհի ամենահեղինակավոր պետությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ես կարծում եմ` կնպաստի»:

Կիրո Մանոյանի խոսքով էլ՝ ամերիկահայերը կարող են նաև Թուրքիային փոխհատուցման պահանջ ներկայացնել. «Դատարաններում ընթացող գործեր կան, որոնց մի մասն առնվազն կասեցվել է հենց այն պատճառով, որ ավելի բարձր դատարանն ասել է, որ ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության հարց է, պետք է որ գործադիր իշխանությունը ճանաչած լինի: Օրինակ` գործերից մեկը, որ կա, Ադանայի Ինջիռլիք ռազմաօդակայանի տարածքին է վերաբերում, որ մի խումբ հայեր թղթերով փաստում են, որ դա իրենց ընտանիքի ունեցվածքն է, և դատական գործ են հարուցել ընդդեմ Թուրքիայի»:

Անդրադառնալով Թուրքիայի հնարավոր արձագանքին՝ Ռուբեն Սաֆրաստյանն ասում է՝ ինչ միջոցներ էլ Թուրքիան ձեռնարկի Ամերիկայի դեմ, առաջինն իրեն կվնասի՝ քաշային կատեգորիաներն են տարբեր։ Իսկ Հայաստանի դեմ ի՞նչ քայլեր են հնարավոր: «Հայաստանի դեմ ինչ-որ Թուրքիան անի, ես կարծում եմ, դա քաղաքակիրթ աշխարհի համար մեկ անգամ ևս կապացուցի, որ Թուրքիան ոչ քաղաքակիրթ պետություն է, որովհետև երրորդ պետություն է. Ամերիկայի Միացյալ Նահանգները ավարտում է ցեղասպանության ճանաչման գործընթացը, Թուրքիան պատժամիջոց է կիրառում մեկ այլ պետության դեմ` Հայաստանի դեմ, որ այդ գործընթացում դերակատարում չունի: Այնպես որ սա լրիվ արդեն աբսուրդ է», - ասում է թուրքագետը:

Դաշնակցական Կիրո Մանոյանը կարծում է՝ Միացյալ Նահանգները քաղաքականություն է փոխել տարածաշրջանում։ Թուրքիան դաշնակից է, բայց հարաբերությունները գործնականում վատ են։ Հայաստանի այսօրվա իշխանությունը, ըստ վարչապետի հրաժարականը պահանջող կուսակցության ներկայացուցչի, չի կարող օգտվել ԱՄՆ-ի ղեկավարի ճանաչումից. «Ինչ էլ որ լինի, այս իշխանություններն արտաքին ճակատի վրա որպես պարտված քաղաքական ուժ չեն կարող ոչինչ անել: Այսօր ստեղծվել է կացություն, որ Հայաստանը փորձի Ամերիկայի հետ իր հարաբերությունները ոչ Ռուսաստանի հետ հարաբերությունների, ոչ Իրանի հետ հարաբերությունների հաշվին, այլ ուղղակի թուրք-ամերիկյան հարաբերությունների հաշվին իր հարաբերությունները լավացնել: Դա է, որ այս իշխանությունները չեն կարողանալու անել ցանկության դեպքում էլ»:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, իշխանական «Իմ քայլից» Գոռ Երանյանը ձեռնպահ մնաց արձագանքել Մանոյանի գնահատականներին։ Ասաց՝ չի ցանկանում կանխատեսումներ անել՝ կճանաչի Բայդենը, թե՝ ոչ, բայց եթե դա տեղի ունենա, պատգամավորի խոսքով, Հայաստանի համար նոր հնարավորություններ կբացվեն. «Սկսած Ամերիկայում դասավանդումից, վերջացրած ընդհանուր միջազգային ասպարեզում Հայաստանի առաջ քաշած օրակարգի ամրապնդմամբ»:

Մինչ Անվտանգության խորհրդի քարտուղարն ուղիղ պատասխան չի տալիս հարցին՝ Թուրքիան Հայաստանի համար թշնամի պետություն է, թե՝ ոչ, իսկ վարչապետն, անդրադառնալով տարածաշրջանում թշնամիներ ունենալուն, խոսում է կեցվածք փոխելու անհրաժեշտությունից, Հայաստանի արտգործնախարարը, New York Times-ի հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղյան վերջին պատերազմում Թուրքիայի ունեցած ռազմական դերակատարությանը, Անկարայի գործողությունները մեկնաբանում է որպես տարածաշրջանում և Միջերկրական ծովի արևելյան ափին «ընդլայնվող անկայունության աղբյուր»:

«Կարծում եմ՝ վտանգավոր պետություններին միջազգային կարգուկանոնին ենթարկեցնելը աշխարհն ավելի անվտանգ կդարձնի»,- ասել է Արա Այվազյանը։

XS
SM
MD
LG