Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
Ավինյանի գրասենյակը հայտնում է, որ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության ցուցաբերած ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանն ու իրականացվող բարեփոխումներին: Տիգրան Ավինյանը հատկապես առանձնացրել է USAID-ի հետ միասին կատարվող աշխատանքը՝ այն որակելով որպես երկկողմ համագործակցության լավագույն փորձերից մեկը:
Երկկողմ համագործակցության օրակարգի շրջանակներում կողմերը կարևորել են Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը: Փոխվարչապետն այս բարեփոխումը անվանել է անկյունաքարային՝ ընդգծելով, որ այն կապահովի պետական կառավարման համակարգի արդյունավետ գործունեությունն ու թափանցիկությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև պետական և համայնքային ծառայությունների թվայնացման ընթացիկ վիճակին ու արձանագրված արդյունքներին: Ավինյանը նշել է, որ աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում և մինչև տարեվերջ առարկայական արդյունքներ են ակնկալվում:
Համաձայն հաղորդագրության՝ փոխվարչապետը, ներկայացնելով կառավարության առաջնահերթությունները թվայնացման ոլորտում, առանձնացրել է պետական և համայնքային ծառայությունների, պետական մարմինների ընթացիկ աշխատանքների, արդարադատության բնագավառի, կառավարության էլեկտրոնային գործիքների և տվյալների միասնական բազայի ստեղծման հարցերը:
Քննարկվել են նաև էներգետիկ անվտանգության ու վերականգնվող էներգիայի բնագավառներում համագործակցության հեռանկարները:
Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի հետաքրքրությունը կլիմայի փոփոխության մարտահրավերին արձագանքելու և դրան դիմակայելու արդյունավետ մեխանիզմների մշակման հարցում: Անդրադարձ է կատարվել «պարտք՝ կլիմայի դիմաց» նորարարական ֆինանսական փոխանակման մեխանիզմի գործարկման հնարավորություններին:
Նկատի ունենալով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը՝ փոխվարչապետը շեշտել է միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությունը: Նա միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն այս հարցում էական նշանակություն ունի՝ հույս հայտնելով, որ նախագահ Ջո Բայդենը հստակորեն կարտահայտի իր՝ դեռևս նախընտրական փուլում բարձրաձայնած դիրքորոշումը: