Մատչելիության հղումներ

Հայաստանում առաջիկա ընտրությունների վրա կարող է ազդել ոչ միայն Մոսկվան, այլև՝ Բաքուն, պնդում է «Քարնեգի» կենտրոնի փորձագետը


«Քարնեգի» կենտրոնի փորձագետ, «Կոմերսանտ»-ի թղթակից Կիրիլ Կրիվոշեև, արխիվ
«Քարնեգի» կենտրոնի փորձագետ, «Կոմերսանտ»-ի թղթակից Կիրիլ Կրիվոշեև, արխիվ

Հաղթաթղթերը` օտարների ձեռքում․ այսպես է «Քարնեգի» կենտրոնի փորձագետ, «Կոմերսանտ»-ի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը գնահատում Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները, պնդելով, թե հիմա արդեն դրանց վրա կարող է ազդել ոչ միայն Ռուսաստանը, այլև` Ադրբեջանը:

«Հայաստանցիները ստիպված են լինելու ընտրել իրենց համոզմամբ վատի ու վատթարագույնի միջև», - գրում է Կրիվոշեևը՝ մեջբերելով սոցիոլոգիական վերջին հարցումները, որոնց համաձայն՝ Փաշինյանի կուսակցությունն ունի 32 տոկոս աջակցություն, նախկին նախագահ Քոչարյանը` 6 տոկոս, հարցվածների գրեթե կեսն էլ դեռ չեն կողմնորոշվել: «Հայաստանյան հասարակության գլխավոր պահանջն այսօր ամենևին էլ պատերազմական ռևանշը չէ, կամ` բարեկեցության բարձրացումը, դրան ոչ ոք այլևս չի հավատում: Մարդիկ պահանջում են ապահովել տարրական կարիքները` անվտանգությունն ու այն, ինչ դեռ ունեն, և անկեղծ պատմել` ինչ կատարվեց իրենց երկրի հետ», - նշում է փորձագետը։

Հենց այդ հարցն էլ, փաստում է հոդվածագիրը, մանևրելու ու մանիպուլյացիաների լայն դաշտ է բացում ոչ միայն ներքին, այլև` արտաքին ուժերի համար, որոնք կարող են տեղի ունեցածի մասին իրենց վարկածները տարածել: Որպես օրինակ՝ վերլուծաբանը «Իսկանդեր»-ի հետ կապված մութ պատմությունն է հիշեցնում, որն, ըստ ռուսների, Ղարաբաղյան վերջին պատերազմում չի օգտագործվել, ըստ Փաշինյանի` օգտագործվել է, բայց պայթել 10 տոկոսով, մինչդեռ Բաքուն իբր գտել է բեկորներն ու ի ցույց է դրել քաղաքի կենտրոնում:

Կրիվոշեևը փաստում է` դեռ 2018֊ին` պատերազմից երկու տարի առաջ, «Կոմերսանտ»-ի հոդվածագիր Իվան Սաֆրոնովը գրել էր, որ Հայաստանին հենց «Իսկանդեր-Մ» է մատակարարվել: Ռուսական ռազմարդյունաբերության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լրագրողին ասել էր, որ այդ ժամանակ արդեն ադրբեջանական բանակն էական առավելություն է ունեցել Հայաստանի նկատմամբ, Մոսկվան շտապել է հավասարակշռել ուժերը, և որպեսզի արտահանման համար նախատեսված «Իսկանդեր-Է»֊ի արտադրության վրա ժամանակ չկորցնի, մատակարարել է այն, ինչ եղել է սեփական պահեստում, այսինքն` «Իսկանդեր-Մ»:

«Թվում է`ամեն ինչ պարզ է, բայց դա` միայն առաջին հայացքից», - փաստում է հոդվածագիրը, արձանագրելով` Մոսկվան ու Բաքուն կարող են տեղի ունեցածը ներկայացնել իրենց հարմար լույսի ներքո` նոր ցնցումներ առաջացնելով հայաստանյան առանց այդ էլ անկայուն իրավիճակում: Օրինակ, հիմա շատ է շրջանառվում չհաստատված մի թեզ, ըստ որի՝ «Իսկանդեր»֊ի մարտագլխիկը արգելանքից կարող էին հանել միայն ռուս զինվորականները, որոնք, սակայն, դրանք կիրառելու թույլտվություն չէին տվել: Եթե այս թեզը հաստատվի, տրամաբանական հարց է առաջացնում` ի՞նչ կարիք կար գնել զինամթերք, որը քո հայեցողությամբ չես կարող օգտագործել:

Մյուս կողմից, պատմությունը կարելի է այլ կերպ մեկնաբանել ու պնդել, թե Փաշինյանն անպատասխանատու քայլ է արել, այսպես ասած` նեղը գցել ռազմավարական դաշնակցին, քաջ գիտենալով, որ պատերազմի ելքն այդ փուլում այլևս հնարավոր չէր փոխել:

Մի վարկածը շահեկան է Փաշինյանին, մյուսը` Քոչարյանին, փաստում է հոդվածագիրը, արձանագրելով, որ Բաքուն ու Մոսկվան նույն հաջողությամբ կարող են օգտագործել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի, խաղաղապահների ու տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակման թեմաները:

«Բաքուն հստակ հասկացնում է, որ իրեն առաջին հերթին հետաքրքրում է երկաթուղային ճանապարհը դեպի Նախիջևան, որն անցնում է Իրանի հետ սահմանի երկայնքով: Հայերին, սակայն, Կարս-Գյումրի-Իջևան-Ղազախ ճանապարհն է պետք, որպեսզի բացվի հաղորդակցությունը Ռուսաստանի հետ, և հնարավորություն ստեղծվի եկամուտ ստանալ ադրբեջանա֊թուրքական տարանցումից: Այս հարցով Պուտինին զանգահարել կարող են թե՛ Փաշինյանը, թե՛ Քոչարյանը, հարցն այն է` ում նախապատվություն կտա Կրեմլը, և կտա՞ արդյոք», - հարցնում է Կրիվոշեևը՝ մանրամասնելով․ - «Հայաստանում մեծ է ընտրողների թիվը, որոնց համար հների վերադարձը վատթարագույնն է հնարավոր սցենարների մեջ, իսկ Ռուսաստանն ակնհայտորեն չի ուզում անհարկի ստվերել սեփական հեղինակությունը հայ հասարակության աչքում և հանդես գալ որպես տեր, որն իր կարծիքն է պարտադրում գաղութներին»:

«Տարածված կարծիքը, թե Մոսկվան հոգնել է «արևմտամետ Փաշինյանից» և հարմար առիթի է սպասում` փորձված ու վստահելի Քոչարյանին վերադարձնելու համար, հերքվեցին շաբաթներ առաջ, երբ թե՛ մեկը, թե՛ մյուսը գրեթե միաժամանակ Մոսկվայում արժանացան համարժեք ընդունելության», - գրում է Կրիվոշեևը՝ հավելելով․ - «Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանում կհետևեն ընտրարշավին և հնարավորության չափով կօգնեն թե՛ մեկին, թե՛ մյուսին՝ ստանձնելով ֆուտբոլային խաղի մրցավարի դերը: Չի բացառվում, որ Մոսկվային ձեռնտու լինի բարդ, կոալիցիոն խորհրդարանը, որը բաժանված կլինի երեք մասի` Փաշինյանի, Քոչարյանի աջակիցների և մյուսների, որոնց համար առևտուրը կգնա որոշումներ կայացնելիս»:

Անդրադառնալով Բաքվին` վերլուծաբանը փաստում է` Քոչարյանը «ահաբեկիչ է և թշնամական, ղարաբաղյան կլանի առաջնորդ», իսկ Փաշինյանը կտրուկ կերպով սկսել է ներկայացվել որպես ոչ այնքան թույլ գործիչ, որին պետք է պաշտպանել ռևանշիստներից: «Իհարկե, Բաքվում հասկանում են, որ ցանկացած ուղղակի միջամտություն Հայաստանում հակառակ ազդեցությունն է ունենալու, և որ այս հարցում պետք է շատ զգույշ գործել», - ընդգծում է Կրիվոշեևը։

«Արևմուտքը, բնականաբար, ևս իր դերն ունի այս խճճված մեխանիզմում, բայց այն մեծ չէ», - փաստում է «Քարնեգի« կենտրոնի հոդվածագիրը, արձանագրելով` քանի դեռ Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը դուրս չեն եկել ղարաբաղյան հակամարտության եռանկյունուց, հայաստանյան ընտրությունների վրա կարող է ազդել ոչ միայն Երևանի ռազմավարական դաշնակիցը, այլև` վաղեմի հակառակորդը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG