Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության թանգարանում բացվել է «Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքների հետքերով» ցուցադրությունը


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ամեն տարի այս օրերին հանդես է գալիս ժամանակավոր նոր ցուցադրություններով, որոնցից մեկն էլ բացվեց այսօր՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքների հետքերով» խորագրի ներքո:

Հայերեն և անգլերեն պաստառներով, թանգարան-ինստիտուտի ֆոնդերում պահվող վավերագրերով, փաստաթղթերով, նաև լուսանկարներով և անհատական իրերով առանձին-առանձին ներկայացված է Արևմտյան Հայաստանում ցեղասպանությունը վերապրած ավելի քան 30 ընտանիքների պատմությունն առ այսօր, որը շարունակվում է աշխարհի տարբեր երկրներում, նաև Հայաստանում:

Մինչև ցուցահանդեսի բացումը թանգարանի տնօրենն ու փոխտնօրենները ներկայացրեցին նախորդ տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտի գործունեության արդյունքները, նաև ձեռքբերումները, օրինակ՝ գրահրատարակչական ոլորտում: Ի տարբերություն 2019 թվականի, 2020 թվականին թանգարան-ինստիտուտը մի շարք արժեքավոր գրքեր է հրատարակել, որոնք արդեն իսկ ներկայացվել են գիտական հանրությանը:

Ինչպես նշում էր թանգարան–ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, հրատարակվել են նաև «Ցեղասպանագիտական հանդեսի» համարները․ - «Աշխատակիցների կողմից տպագրվել է 33 հոդված, որոնցից 4-ը միջազգային պարբերականներում։ Աշխատակիցները մասնակցել են 12 միջազգային գիտաժողովների։ 2019 թվականին մենք սկսեցինք մեթոդաբանական սեմինարների շարք, որտեղ 19 զեկուցումներով հանդես եկան տարբեր մասնագետներ, նաև Հայաստան այցելած մասնագետներ։ 2020 թվականին, ցավոք, ընդամենը մեկը անցկացրեցինք համավարակի պատճառով։ Գիտացուցադրական աշխատանքների ուղղությամբ հետևյալ հիմնական արդյունքները․ հետևյալ ցուցադրություններն ենք կազմակերպել՝ «Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին», որը նվիրվում էր Մարաշի, Հաճընի, Այնթափի ինքնապաշտպանությունների հարյուրամյա տարելիցին։ Այդ ցուցադրությունը մենք օնլայն տարբերակով բացեցինք ապրիլի 24-ին, դրա մի մասը հետագայում տպագրվեց գիտաժողովի ժամանակ, որը անցկացվեց անցյալ տարվա հոկտեմբերին։ Այստեղ միջանցքում ցուցադրված է։ Եվ անցյալ տարվա վերջին բացվեց ժամանակավոր ցուցահանդես նվիրված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի 25-ամյակին»։

Թանգարանային հարցերով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հիշեցրեց, որ համավարակով պայմանավորված անցյալ տարի թանգարանը մի քանի ամիս փակ է եղել այցելուների համար: Անցայլ տարի ընդհանուր առմամբ ունեցել են 5 հազար այցելու, իսկ 2019 թվականին՝ 95 հազար։

Գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը ներկայացրեց, թե ինչ նոր նյութերով են համալրվել թանգարանի ֆոնդերը․ - «Անցյալ տարի շատ կարևոր, բացառիկ ձեռքբերում ունեցանք․ հայտնի ամերիկահայ իրավաբան Վարդգես Եղիայանի մահից հետո թանգարանում հանդիպեցինք նրա կնոջը՝ Ռիտա Մահտեսյանին, որը մեծ սիրով համաձայնվեց իր ամուսնու արխիվը, որը ընդգրկում է օսմաներենով փաստաթղթեր, կալվածագրեր, անցագրեր, դատական գործերի հետ կապված փաստաթղթեր, որոնք երեք մեծ արկղով տիկին Մահտեսյանը Միացյալ Նահանգներից ուղարկել է մեզ։ Քանի որ արխիվը շատ մեծ է, շատ ծավալուն է, այժմ ընթանում են այդ արխիվի ուսումնասիրման աշխատանքներ, մեր ֆոնդապահները մշակում են դրանք։ Որից հետո արդեն ավելի հանգամանորեն կարող ենք ներկայացնել։ Կարևորությունը նորից ուզում եմ շեշտել․ բնօրինակ կալվածաթղթեր են այն ունեցվածքի, որը հայերը ունեցել են Օսմանյան կայսրությունում, ինչպես նաև նրանց կյանքի ապահովագրության հետ կապված օրիգինալ փաստաթղթեր»։

Անցյալ տարի նաև լայն համագործակցություն է սկսվել արտասահմանյան մի շարք հայագիտական կենտրոնների, բուհերի ու թանգարանների հետ: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նաև լուրջ գործունեություն է ծավալել Լեռնային Ղարաբաղի հարցը միջազգային գիտական հանրությանը ներկայացնելու համար, և հենց այդ նպատակով արդեն իսկ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը հետագայում կդառնա թանգարանի բաժիններից մեկը՝ նպատակ ունենալով իրականացնել արցախյան հիմնահարցի, Արդրբեջանի և Նախիջևանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերի բռնությունների ուսումնասիրություններ՝ ներկայացնելով նաև դրանք արտասահմանյան գիտական հանրությանը:

Այս տարվա սեպտեմբերի 16-18-ը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Գիտւթյունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ կազմակերպելու է գիտաժողով «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագրի ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG