«Հայաստանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն դեռ հայկական կողմից որևէ արձագանք չի եղել»․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրերս արած այս հայտարարությանն ի պատասխան, Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն «Ազատության» հետ զրուցյում ասաց, որ Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումն ու վարքագիծը կառուցողականություն ակնկալելու հիմք չի տալիս․ - «Խաղաղության պայմանագրի ստորագրման համար նախ և առաջ անհրաժեշտ է խաղաղ գործընթաց, որը դադարել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո»։
Ապրիլի 12-ին Բաքվում կազմակերպված «Նոր հայացք Հարավային Կովկասին․ հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում Ալիևը, պատասխանելով մասնակիցների հարցերին, նաև նշել է, թե Ղարաբաղի հարցը լուծված է, Հայաստանից տարածքային պահանջներ չունեն, իսկ հայկական բանակի արդիականացումը մտահոգիչ է համարել։
Նման հայտարարություններին զուգահեռ Ալիևն օրեր առաջ Բաքվում բացեց «ռազմական ավարի պուրակը», որտեղ հայկական զինտեխնիկայից բացի նաև զոհված հայ զինծառայողների սաղավարտներ, հագուստ, սպանված, վիրավոր, գերեվարված, կապկպված հայ զինվորների մանեկեններ են ցուցադրված։
Սա, ըստ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի, Ադրբեջանի հայատյաց վարքագծի վառ օրինակներից մեկն է․ - «Ինքնին ցուցադրության կազմակերպումը դիակապտության տարրեր պարունակող տեսարաններով ևզոհված հայ զինծառայողների հիշատակի նկատմամբ անարգանքի դրսևորումներով, ինչպես նաև ռազմագերիների հարցի շահարկումը Ադբրեջանի կողմից գալիս է ապացուցելու, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը հետպատերազմյան իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր դեկլարատիվ հայտարարություններից։
«ԱԳՆ-ից հնչել է իրավիճակին համարժեք պատասխան, բայց դա շատ քիչ է», - ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ու հավելում, որ Հայաստանում վարչապետի մակարդակով նույնպես պետք է միջազգային կոնֆերանսներ կազմակերպվեն ու ներկայացվեն Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների մասին վկայող փաստերը․ - «Մենք կարող ենք անցկացնել իրոք մեծ կոնֆերանս Հայաստանում, որտեղ որ մեր ուզած օրակարգը առաջ բերենք։ Ո՞րն է մեր ուզած օրակարգը։ Որ Մինսկի խումբը վերսկսի աշխատանքը, որ գերիներին վերադարձնեն։ Հենց այն, ինչի մասին մենք Հայաստանում խոսում ենք։ Բայց մենք խոսում ենք միայն Հայաստանում։ Լավ, ԱԳՆ-ն մի հատ հայտարարություն արեց, բայց ավելի ակտիվ գործողությունների անցնենք, Հայաստանում մեծ կոնֆերանս անցկացնենք հայտնի մարդկանցով ու պատկերացում տանք, վարչապետը թող ելույթ ունենա, թող մեր հայտնի մարդիկ ելույթ ունենան, փաստերը բերեն»։
Օրերս Բաքվում կայացած միջազգային համաժողովի ընթացքում Իլհամ Ալիևը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությանն է անդրադարձել՝ ընդգծելով, որ կան ասպարեզներ, որոնցում Մինսկի խումբը կարող է դերակատարություն ունենալ։ Խոսքը, ըստ Ադրբեջանի նախագահի, մասնավորապես հետկոնֆլիկտային իրավիճակի մասին է։
«Կան ասպարեզներ, որոնցում Մինսկի խումբը կարող է դերակատարություն ունենալ։ Եթե Հայաստանը քննարկի այս հնարավորությունն, ապա միջազգային խաղացողների համար բազմաթիվ ոլորտներ ի հայտ կգան՝ հարցեր, որ վերաբերում են [սահմանների] դեմարկացիային, դելիմիտացիային և համագործակցությանը», - հայտարարել է Ալիևը՝ միաժամանակ տարակուսելով, որ այս հարցում ամերիկյան նոր վարչակազմը բավական կրավորական կեցվածք է որդեգրել»։
Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ այսօր շատ ավելի կարևոր է քննարկել Մինսկի խմբի դերակատարության հարցը․ - «Մենք իրոք պետք է լուրջ զբաղվենք Ղարաբաղի հարցով, ու՝ ոչ միայն հայտարարություններով, այլ գործողություններով։ Մեծ միջոցառում նաև դրսում անցկացնել, ու նաև ցանկացած գնով բերել տարածաշրջան Մինսկի խումբը»։