Ռուսաստանի հատուկ ծառայությունները ձերբակալել են Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի Գլխավոր հյուպատոսության աշխատակիցներից մեկին։ Այս մասին այսօր հաղորդել է Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ)` տեղեկացնելով, որ հյուպատոս Ալեքսանդր Սոսոնյուկը ձերբակալվել է Ռուսաստանի մի քաղաքացու հետ հանդիպման ժամանակ։
«Ուկրաինացի դիվանագետի ձերբակալությունը տեղի է ունեցել իրավապահ համակարգի և Անվտանգության դաշնային ծառայության տեղեկատվական բազաներում զետեղված փակ բնույթի ինֆորմացիա ստանալու պահին», - հաղորդել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը։
Պաշտոնական Կիևն արդեն իսկ արձագանքել է տեղի ունեցածին՝ տեղեկացնելով, որ կդիմի համարժեք քայլերի երկրում աշխատող ռուսաստանցի դիվանագետների դեմ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինը: