Մատչելիության հղումներ

Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Բաքվում երկու օր Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններից հետո Բելառուսի նախագահը Մինսկ վերադառնալուն պես զանգահարել է Ռուսաստանի նախագահին և այլ հարցերի հետ մեկտեղ քննարկել նաև Ղարաբաղի խնդիրը:

Լուկաշենկո-Պուտին հեռախոսազրույցի մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Կարճ հաղորդագրության մեջ նշված է. «Ալեքսանդր Լուկաշենկոյի Ադրբեջան կատարած այցի համատեքստում հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»:

Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահը երեկ հայտարարել էր, որ ուզում է շնորհավորել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ժողովուրդներին հրադադարի կապակցությամբ: Իլհամ Ալիևն էլ իր հերթին Լուկաշենկոյի հետ համատեղ ասուլիսին ասել էր, թե Բաքուն ուզում է ամրապնդել վստահության միջոցառումները Հայաստանի հետ և առաջարկել էր Լուկաշենկոյին ակտիվ դերակատարություն ունենալ այս գործում, քանի որ, Ալիևի խոսքով, Բելառուսը ջերմ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ և Հայաստանի դաշնակիցն է ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում:

Այդ նույն ասուլիսն Ալեքսանդր Լուկաշնեկոն նաև խոստացել էր, որ երբ թողնի նախագահի պաշտոնը, հետաքրքիր բաներ կպատմի ղարաբաղյան գործընթացից, իսկ մինչ այդ անկեղծացել է, որ տարիներ առաջ Ադրբեջանի նախագահն առաջարկել էր, որպեսզի նա խոսի Հայաստանի ղեկավարության հետ և համոզի ղարաբաղյան խնդիրը խաղաղ կարգավորել:

«Ես, իհարկե, երբ արդեն չլինեմ նախագահ, շատ լավ բաներ կպատմեմ այն մասին, թե ինչեր է առաջարկել Իլհամ Հեյդարովիչը Հայաստանի ղեկավարներին, հայ ժողովրդին՝ «լսիր, դու լավ հարաբերություններ ունես հայերի հետ, փոխանցիր նրանց, որ ես պատրաստ եմ ոչ միայն վերականգնել Ղարաբաղը, այլ նաև զարգացնել Հայաստանը», - երեկ Բաքվում անկեղծացել էր Բելառուսի նախագահը, կես լուրջ, կես կատակ էլ դիմել Ալիևին, թե արդյոք նա չի՞ նեղանում, որ պատմում է այս մասին:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ համացանցում տարածվել էր Ալեքսանդր Լուկաշենկոյի և Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի զրույցը, որի ժամանակ Բելառուսի նախագահը Հայաստանի նախկին նախագահին առաջարկում էր գումարի դիմաց ադրբեջանին հանձնել տարածքներ, իսկ Սարգսյանն էլ ասում էր, թե «փոխանցիր Ալիևին, որ ես պատրաստ եմ էլ ավելի մեծ գումար տալ նրան շրջանների մասին մոռանալու դիմաց»:

Լուկաշենկոյի երեկվա հայտարարությունն այս նույն տրամաբանության մեջ է, միայն թե երեկ գումարի չափը չի նշվել, իսկ Ալիևն էլ ներկա էր այս հայտարարությանը, նույնիսկ ծիծաղում էր:

XS
SM
MD
LG