Մատչելիության հղումներ

Ուկրաինայի արևելքում իրավիճակը գնալով սրվում է


Ուկրաինա - Դոնբասի ռուսամետ անջատականները զորավարժություն են անցկացնում, արխիվ
Ուկրաինա - Դոնբասի ռուսամետ անջատականները զորավարժություն են անցկացնում, արխիվ

Ուկրաինայի արևելքում իրավիճակն ավելի է սրվում, Դոնբասի ռուսամետ անջատականները Ուկրաինայի զինվորականներին մեղադրել են անօդաչու թռչող սարքով հարձակում կատարելու մեջ, և նրանց ասելով՝ այդ հարձակման հետևանքով երեխա է զոհվել։

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Տելագրամի իր էջում գրել է, թե Ուկրաինայի իշխանությունների հռետորաբանությունը սրում է լարվածությունը և հղի է ամենածանր հետևանքներով։ Նա գրել է, որ անչափահաս տղայի մահը Ուկրաինայի իշխանոuթյունների հռետորաբանության հետևանք է, և նշել է, որ արմատական տրամադրված ուկրաինացի քաղաքական գործիչներին սխալ է թվում, թե ինչ ցանկանան կարող են անել Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետություններում։

Մարտից Ուկրաինայի արևելքում իրավիճակը լարվում է։ Ուկրաինական բանակի ու ռուսամետ անջատականների միջև բախումները վերսկսվել են։ Ռուսաստանը զորքեր է կենտրոնացրել Ուկրաինայի սահմանի մոտ, ինչը Կրեմլը չի հերքել․ Կրեմլի խոսնակն ասել է, թե Ռուսաստանը զորքերը տեղաշարժում է իր տարածքում, իր հայեցողությամբ, ու դա ոչ ոքի չպետք է անհանգստացնի։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես գալով տեսաուղերձով հայտնել է, որ ապրիլի 2-ին ԱՄՆ-ի նախագահի հետ հեռախոսազրույցում մանրամասն քննարկել են Դոնբասի իրավիճակը, և Ջո Բայդենը հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային երբեք միայնակ չի թողնի Ռուսաստանի ագրեսիային դեմ-հանդիման։

«Այս փուլում մենք լիակատար ու մշտական աջակցություն ունենք՝ աջակցություն Ուկրաինայի միջազգային գործընկերների կողմից, մասնավորապես՝ Եվրոպայից, Միացյալ Նահանգներից։ Դրա ապացույցը իմ այսօրվա հեռախոսազրույցն էր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ։ Մենք մանրամասն քննարկել ենք Դոնբասի իրավիճակը։ Նախագահ Բայդենը ինձ հավաստիացրել է, որ Ռուսաստանի ագրեսիայի դեմ Ուկրաինային երբեք միայնակ չեն թողնի», - հայտարարել է Զելենսկին։

Բայդենն ընդգծել է իր վարչակազմի հավատարմությունը Ուկրաինայի հետ ռազմավական համագործակցությանը և աջակցություն հայտնել Զելենսկու հակակոռուպցիոն, դատական ու Սահմանադրական դատարանի բարեփոխումներին։

Զելենսկին իր տեսաուղերձում նաև ասել է, թե քննարկել են Ղրիմի խնդրի լուծմանը ԱՄՆ-ի մասնակցության և ապագայում Բայդենի Ուկրաինա այցելելու հարցերը։

XS
SM
MD
LG