Ղարաբաղյան հարցի, պատերազմում կրած պարտության շուրջ իշխանությունների և նախկին նախագահների միմյանց հասցեին հնչող քննադատություններն, ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի, մաքրվելու, մեղադրանքները հերքելու, պատասխանատվությունից հնարավորին չափով խուսափելու գործընթացի մաս են կազմում, այժմ այն նախընտրական տրաբանությամբ նոր շունչ է ստանում։
«Քանի որ նախկին երեք նախագահները և, բնականաբար, նաև գործող վարչապետը մասնակցելու են այդ արտահերթ գործընթացին, այսպես թե այնպես՝ մեկն անմիջական դերակատարությամբ, մյուսները, եթե չեն մասնակցելու, ապա բավական ակտիվ դեր ունենալու են այդ համատեքստում, հիմա էդ պրոցեսը նոր շունչ է ստանում», - ասաց Բադալյանը։
Երեկ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ 44-օրյա պատերազմում կռիվ են տվել ընդդեմ 20-ամյա դավաճանության ու կապիտուլյացիայի։ Վարչապետը նաև բացահայտեց, որ 2018-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն ասել է՝ «հողերն արդեն պիտի տաս»։
Վարչապետի հայտարարություններին հաջորդեցին ուղիղ կամ անուղղակի արձագանքներ նախկին երեք նախագահների գրասենյակներից՝ գրեթե նույնատիպ արտահայտություններով։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարեց՝ «ակնհայտ է, որ նրան նույն թեմաներով, նույն հարցերի շրջանակում պատասխանելն անիմաստ է, քանզի նրա ցինիկ ստերն ու կեղծիքները բացահայտող բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ դիվանագիտական, ռազմական, քաղաքական ոլորտներում, վաղուց հանրության սեփականությունն են և հեշտությամբ հասանելի են համացանցում»:
«Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ։ Որպես կանոն՝ հիստերիկ, ցինիզմով ու կեղծիքով լեցուն ելույթներ են»,- սա էլ արդեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունն է։
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակն էլ հիշեցրեց առաջին նախագահի՝ ամիսներ առաջ տված գնահատականը՝ «նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին»:
Քաղաքական մեկնաբանն ասում է՝ Հայաստանն արցախյան առաջին պատերազմից հետո ավելի շատ սպառել է հաղթանակը, քան կապիտալիզացրել պետական որակներում։
«Էն, ինչ կատարվեց Հայաստանի հետ, դա ընդհանրապես ոչ թե նախագահի, կամ վարչապետի խնդիր է, խոշոր հաշվով, այլ ընդհանրապես Հայաստանի հետանկախական շրջանի և հատկապես առաջին հաղթանակից հետո ընկած էդ շրջանի, մեղմ ասած, անարդյունավետ կառավարման հետևանքն է, և ակնհայտ է, որ այդ հարցում բոլորն ունեն դերակատարում, և հասարակությունն, այս իմաստով, իր գնահատականը, մեծ հաշվով, տվել է նախկին կառավարող համակարգի հանդեպ իր վերաբերմունքով և ներկայիս իշխանության հանդեպ իր վերաբերմունքը կձևակերպի արտահերթ ընտրության այս գործընթացում», - ասաց քաղաքական մեկնաբանը։
Բադալյանի գնահատմամբ, փոխադարձ մեղադրանքների գործընթացը չունի հանրային և պետական արդյունավետություն, անցյալում արված սխալները հասկանալու համար բովանդակայի՛ն բանավեճ է պետք։
«Հասարակության խնդիրը հետևյալն է՝ հասկանալ, թե որտեղ են եղել մեր բացթողումները երևույթների, համակարգային խնդիրների և առաջին հերթին, բնականաբար, Արցախի հարցում քաղաքականության գործընթացում։ Այսինքն՝ մենք կարիք ունենք անցյալը հասկանալու, բայց անցյալը հասկանալու ոչ թե որևէ մեկին մեղարելու անցյալից, ներկայից, կամ, չգիտեմ, ապագայից, այլ հասկանալու, թե ինչն է անցյալում սխալը, որպեսզի մենք հասկանանք, թե որն է լինելու ապագան ճիշտ կառուցելու ճանապարհը», - եզրափակեց քաղաքական մեկնաբանը։