Մատչելիության հղումներ

«Թուրքիայի հռետորաբանությունն ինձ անհանգստացնում է և 105 տարի ետ տանում». Արմեն Սարգսյան


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

«Մինչ Հայաստանը պայքարում է կորոնավիրուսի դեմ, մեր հարևան Ադրբեջանը, որը ևս պայքարում է վարակի դեմ, Հայաստանի հետ սահմանին սկսեց ռազմական գործողություններ», - հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով ԱՄԷ-ի և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) համանախագահությամբ կազմակերպված՝ Արտադրության և ինդուստրացման գլոբալ գագաթնաժողովին (GMIS2020):

«Մեր մյուս հարևանը՝ Թուրքիան, հանդես եկավ կոշտ հռետորաբանությամբ, որը, որպես հայ, ինձ անհանգստացնում է և 105 տարի ետ տանում ինձ, երբ Օսմանյան կայսրությունում իրագործվեց Հայոց ցեղասպանությունը», - շարունակել է Սարգսյանը:

«Ինձ նաև անհանգստացնում է այն, որ ադրբեջանցի պաշտոնյաները սպառնում են հարձակում գործել Հայաստանի ատոմակայանի վրա։ Վերջինիս ռմբակոծումը վնաս կհասցնի ոչ միայն Հայաստանին, այլև մեր բոլոր հարևաններին՝ մինչև Ծոցի երկրներ, և կդառնա Չեռնոբիլ տարածաշրջանի համար», - նաև ասել է Հայաստանի նախագահը:

«Հույս ունեմ, որ հին աշխարհից նորին անցնելու փոխակերպման այս դժվարին ընթացքում մենք չենք կորցնի մեր ողջախոհությունը, կվարվենք մարդկայնորեն՝ կենտրոնանալով ապագայի վրա և կարժևորենք նախկինում մեր ստեղծածը։ Այդ իսկ պատճառով ես օգտագործում եմ «ժառանգություն» բառը։ ՄԱԿ-ը շատ արժեքավոր և հզոր ժառանգություն է, որ մենք ունենք 21-րդ դարում։ Միակ բանը, որ պետք է անենք, ուժեղացնելն է և նոր իմաստ հաղորդելն այս հրաշալի կազմակերպությանը, որը տասնամյակներ շարունակ հատուկ և օգտակար դերակատարում է ունեցել։ Մեր ժառանգությունը ոչնչացնելն առաջ գնալու սխալ ճանապարհ է։ Դեպի ապագա տանող ճանապարհը պետք է հիմնված լինի մեր հաջողությունների և ձեռքբերումների վրա», - հայտարարել է Արմեն Սարգսյանը:

Միջազգային հեղինակավոր գագաթնաժողովն այս տարի անցկացվել է սեպտեմբերի 4-5-ը՝ առցանց եղանակով, և համախմբել համաշխարհային ավելի քան 90 առաջնորդների, ինչպես նաև միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների՝ քննարկելու համար հետհամավարակային ժամանակաշրջանում երկրների կողմից տնտեսությունների վերականգնման հնարավորությունները:

Գագաթնաժողովին մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, բանախոսների թվում են եղել նաև Բրազիլիայի, Անգոլայի, Կամբոջայի, Գանայի նախագահները, Հորդանանի թագաժառանգը, իր հաղորդագրությունում նշում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:


XS
SM
MD
LG