Իրանն Իսրայելին է մեղադրում երեկ Նաթանզի միջուկային կենտրոնում տեղի ունեցած միջադեպի՝ էլեկտրականության խափանման համար, և սպառնում վրեժխնդիր լինել։ «Բազմաթիվ աղբյուրներ հաստատում են, որ սիոնիստական վարչակազմն է կանգնած կատարվածի ետևում»,- այսօր հայտարարել է Արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն.
«Խափանված ցենտրիֆուգները փոխարինվելու են նոր սերնդի սարքերով, Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի այդ հնարավորությունները և կարող է դրանց փոխարեն ամենաժամանակակից ցենտրիֆուգները տեղադրել»։
Նաթանզն առանցքային նշանակություն ունի Թեհրանի միջուկային ծրագրի համար․ ուրանի հարստացման աշխատանքները հենց այստեղ են իրականացվում, օրեր առաջ էլ շահագործման էր հանձնվել ցենտրիֆուգների կատարելագործման նոր արտադրամասը։ Միջադեպից ժամեր անց Թեհրանը հայտարարել էր, թե կատարվածը ահաբեկչական գործողություն է՝ չհստակեցնելով` կոնկրետ ինչն է եղել վթարի պատճառը, որքան է շարունակվել խափանումը, և ինչպես է այն վերացվել։
«Այս պահին միայն հստակ է, որ վտանգավոր նյութերի արտահոսք չի եղել, որևէ մեկը չի տուժել»,- հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին. - «Մեր հզորություններն այս ոլորտում այնքան խորն են և ազդեցիկ, որ չեն կարող սասանվել այդօրինակ գործողություններով։ Մենք անշուշտ, հաղթանակելու ենք»։
Իրանի փոխնախագահ, միջուկային հարցերով պատասխանատու Ալի Աքար Սալեհին էլ վստահեցրել է՝ կենտրոնը արդեն իսկ սկսել է աշխատել՝ էլեկտրաէներգիայի վթարային մատակարարմամբ, առաջիկա օրերին էլ ոչ միայն կվերադառնա աշխատանքային սովորական ռեժիմի, այլև՝ հիսուն տոկոսով կավելացնի ուրանի հարստացումը.
«Մեր թշնամին խորապես սխալվել է, նրանք հրապարակումներ են անում և պնդում, թե իբր հարձակման վնասն այնքան մեծ է եղել, որ Նաթանզում միջուկային աշխատանքները ինն ամսով կանգնեցվելու են։ Բայց դուք առաջիկա մի քանի օրվա ընթացքում կտեսնեք, որ հակառակորդի սաբոտաժի մեծ մասը վերացված կլինի»։
Ավելի վաղ իսրայելական մամուլը, հղում անելով իր աղբյուրներին, պնդել էր, թե իսրայելական հետախուզությունն է կիբերհարձակման միջոցով անջատել էլեկտրաէներգիայի մատակարարումը ռազմավարական նշանակություն ունեցող այդ կենտրոնում։ Ամերիկյան New York Times-ը ևս պնդել էր, թե վթարը Մոսադն է կազմակերպել։ Իսրայելի պաշտոնական աղբյուրներն առայժմ այդ լուրերը հրապարակավ չեն հաստատում։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն, սակայն, այսօր Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը կրկին պնդել է՝ Իսրայելը թույլ չի տա, որ Թեհրանը միջուկային զենք ունենա։
«Իմ քաղաքականությունը, որպես Իսրայելի վարչապետ, հստակ է՝ ես երբեք թույլ չեմ տա, որ Իրանը միջուկային հզորություններ ունենա՝ Իսրայելը վերացնելու իր ցեղասպան նպատակին հասնելու համար։ Իսրայելը կշարունակի պաշտպանել ինքն իրեն Իրանի ագրեսիայից ու ահաբեկչություններից», - ասել է նա։
Վերջին միջադեպը տեղի ունեցավ Իրանի միջուկային ծրագրի համար զգայուն մի փուլում, երբ Թեհրանն ու գերտերությունները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, փորձում են վերականգնել 2015 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները։ Տարիներ առաջ ստորագրված այդ համաձայնագրով Իրանը պարտավորվել էր սահմանափակել ուրանի հարստացումը՝ արևմտյան պատժամիջոցների աստիճանական չեղարկման դիմաց։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, որ հայտնի էր Իսրայելի հետ սերտ կապերով, 2018-ին միակողմանիորեն դուրս էր եկել գործարքից ու վերականգնել պատժամիջոցներն Իրանի դեմ՝ երկրի համար ստեղծելով տնտեսական լուրջ խնդիրներ։ Նոր վարչակազմի՝ Ջո Բայդենի օրոք, կողմերը վերսկսել են անուղղակի բանակցությունները և անցած շաբաթ հայտարարել, թե դրանք կառուցողական հունով են գնում։
«Հիմա, երբ մենք առաջընթացի ենք հասնում պատժամիջոցների վերացման հարցում, սիոնիսները փորձում են խափանել մեր հաջողությունը»,- այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը, ընդգծելով. «Մենք նրանց թակարդը չենք ընկնի և թույլ չենք տա, որ այս սադրանքը ազդի մեր բանակցությունների վրա»։ Արտգործնախարարության խոսնակն իր հերթին ընդգծել է՝ Իրանն իր վրեժը կլուծի ճիշտ պահին և ճիշտ տեղում։
Իրանի միջուկային օբյեկտներում էլետրաէներգիայի խափանման և այլ անսարքությունների դեպքեր արձանագրվել էին նախկինում, որոնց համար պատասխանատվությունը Թեհրանը կրկին դրել էր Իսրայելի վրա։ Ամենավերջին միջադեպը տեղի էր ունեցել անցած տարվա ամռանը, երբ Նաթանզում հրդեհ էր բռնկվել։ Թեհրանը շարունակում է պնդել, որ ուրանի հարստացման ծրագիրը միայն խաղաղ նպատակներ է հետապնդում, Իսրայելն ու դաշնակիցները, մինչդեռ, վստահ են, որ Իրանի վերջնական նպատակն է միջուկային զենք ստեղծել։