Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Երկու երկրների ղեկավարների հանդիպման գլխավոր թեմաներից է լինելու տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապասառեցման պայմանները, որը նախատեսված է եռակողմ համաձայնագրով: Նախատեսվում է քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը, մասնավորապես, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում, ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի տարածած հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները քննարկելու են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապեր, էներգետիկա, անվտանգություն, ռազմավարական ներդրումներ, առողջապահություն:
«Վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման օրակարգը ներառում է նաև հարցեր, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարմանը, դրանց ընթացքին, հումանիտար բնույթի խնդիրներին», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Գևորգյանը։
Ռուսական մամուլն ակտիվ արձագանքել է թե՛ «Ինտերֆաքսի»-ն տված Փաշինյանի երեկվա հարցազրույցին, թե՛ այսօր կայանալիք բանակցություններին:
RBK-ն «Փաշինյանը նախընտրական արշավը սկսում է Մոսկվայում» վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել, որում հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին՝ հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում եռակողմ աշխատանքային խմբում առկա տարաձայնություններից: Ռուսական պարբերականի տվյալներով՝ որոշ հակասություններ առայժմ թույլ չեն տալիս հայտարարել ինչ-որ պայմանավորվածության հասնելու մասին:
«Երևանը համաձայն է երկաթուղու կառուցմանը, որը կկապի Ադրբեջանն ու Նախիջևանը երկրի հարավում՝ Մեղրիի տարածքով, սակայն Հայաստանն առաջարկում է հիմա բացել Երևան-Թբիլիսի-Բաքու երկաթուղային ճանապարհը: Երևանը ձգտում է, որպեսզի Մեղրիի ճանապարհի հետ միաժամանակ կառուցվի նաև Իջևանի տարածքով երկաթգիծ: Այդ երկու ճանապարհներն աշխատել են խորհրդային ժամանակաշրջանում, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության 30 տարիների ընթացքում կա՛մ ապամոնտաժվել են, կա՛մ ավերվել: Ադրբեջանն իր հերթին պնդում է, որ սկզբում բացվի Մեղրիի ճանապարհը, իսկ հետո մնացած բոլոր ճանապարհները», - նշում է RBK-ի աղբյուրը:
Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը հենց դա է, իսկ թե ով է լինելու Հայաստանի տարածքում ճանապարհի հատվածի օպերատորն այս պահին տեխնիկական հարց է, որը դեռ չի մշակվել, սակայն հավանաբար դա կլինի «Ռուսական երկաթուղիներ»-ը:
Սրա հետ մեկտեղ Ռուսական պարբերականը գրում է՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապասառեցման վերաբերյալ որոշման ընդունումը կարող է բարդացնել այն, որ Ադրբեջանը շարունակում է իր մոտ պահել ավելի քան 140 հայ գերիների, թեև եռակողմ հայտարարությամբ պետք է կատարվեր ռազմագերիների, պատանդների և այլ պահված անձանց փոխանակում:
Հոդվածի հեղինակն անդրադառնում է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ նշելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին Փաշինյանի հիմնական մրցակիցը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ով ունի մտերիմ հարաբերություններ Պուտինի հետ և վայելում է ռուսաստանաբնակ մեծահարուստ հայերի աջակցությունը: