Ռուսաստանի նախագահը հաջորդ շաբաթ Հայաստանի վարչապետի հետ նախատեսված հանդիպմանը կքննարկի ոչ միայն ղարաբաղյան խնդրին, տարածաշրջանի ապաշրջափակմանը, այլև՝ առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր, այսօր լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակը։
«Ես կարող եմ հաստատել, որ ապրիլի 7-ին նախատեսված է Փաշինյանի աշխատանքային այցը, որի ընթացքում նա կբանակցի նախագահ Պուտինի հետ», - ասել է Դմիտրի Պեսկովը։
Փաստելով, որ «Ռուսաստանի և Հայաստանի միջև բարձր մակարդակում շատ ակտիվ երկխոսություն է ընթանում», Պեսկովը թվարկել է այն հարցերը, որոնք ներառված են երկու առաջնորդների օրակարգում։ «Կքննարկվի՝ ինչպես են իրագործվում եռակողմ պայմանավորվածությունները, որոնք վերջ դրեցին Ղարաբաղում ռազմական գործողություններին, հարցեր, որոնք նախօրեին ակտիվորեն քննարկել է Պուտինը և որոնք կապված են Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ», - ասել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեկ Ռուսաստանի նախագահն այս հարցի շուրջ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ։
Ըստ Պեսկովի, Փաշինյանն ու Պուտինը մտքեր կփոխանակեն նաև Հայաստանում սկսված ընտրական գործընթացների, ինչպես նաև հայ-ռուսական «սերտ համագործակցությանը վերաբերող» այլ հարցերի շուրջ։