Մատչելիության հղումներ

«Չգիտեմ ինչից ձուն սենց միանգամից թանկացավ՝ 85, 90 դրամ», - քաղաքացիները դժգոհում են


Հավկիթը շարունակում է թանկանալ, այսօր Երևանի խանութներում 10 հատ հավկիթի գինն անցնում է 800 դրամը։ Ամիսներ առաջ ձվի գինը գրեթե կիսով չափ ցածր էր։

Քաղաքացիները դժգոհում են՝ չբարձրացող աշխատավարձերին զուգահեռ թանկացումներն իրենց կյանքը շատ են բարդացնում. «95 հազար ստանում ես, մինչև կոմունալ, էս թանկություններն էլ , չգիտեմ ինչից ա կախված՝ ձուն սենց միանգամից՝ 90, 85 դրամ»։

Երևանի ամենամեծ սուպերմարկետներից մեկում գնումներ անող կանանցից մեկն էլ ասաց՝ հավկիթն այնքան է թանկացել, որ շաբաթական մեկ անգամ էլ է դժվարությամբ գնում։

Մեկ շաբաթից Սուրբ Զատիկն է՝ Քրիստոսի հարության տոնը, առևտուր անողներ ասում են՝ սովորականից երկու անգամ շատ են վճարում, բայց տոնը առանց ներկած հավկիթների չեն կարող նշել։

Հավկիթի այսչափ թանկացումը անտարբեր չի թողել սոցցանցային սրամիտներին. մեկը հավկիթները կփոխանակի մեքենայի հետ, մյուսը 2 տուփ ձուն վաճառքի է դրել 30 միլիոն դրամով, սուպերմարկետներից մեկն էլ ապագայից լուրեր է հայտնում՝ գնել տուն, թե ձու, հումորների շարքը կարելի է անվերջ շարունակել։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հավկիթի թանկացման իրական պատճառները հասկանալու համար ուսումնասիրում է բոլոր հնարավոր տարբերակները։ Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ձվի շուկայում դրությունը քննարկել է խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ, ինչպես հաղորդում է ՏՄՊՊՀ-ն քննարկման ընթացքում անդրադարձել են առանձին անհատների կողմից մեծաքանակ գնումներ կատարելու դեպքերին, որոնք կարող են շուկայում ձվի պակասուրդի պատճառ հանդիսանալ:

«Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի սեփականատերերից Սոնա Մանուկյանը ստեղծված իրավիճակի երկու պատճառ է մատնանշում. ասում է՝ 2019-2020 թվականներին ձվի շուկան լճացել է, ինչը ծանրագույն խնդիրներ է ստեղծել արտադրողների համար, մոտ 9 ամիս վնասով են աշխատել՝ գրեթե 50 տոկոսով ինքնարժեքից ցածր ձու վաճառելով։ Ստիպված են եղել հավերի գլխաքանակը նվազեցնել ու մինչ այժմ չեն հասցրել դրանք վերականգնել՝ անհրաժեշտ քանակի հավկիթ արտադրելու համար։

Գործարարի գնահատմամբ՝ այժմ հետճգնաժամային փուլն է, փորձում են գոյատևման խնդիր լուծել։ Երկրորդ պատճառն, ըստ արտադրողի, Ռուսաստանից ձեռք բերվող հավի կերաբաղադրամասերի շուրջ 40 տոկոսով թանկացումն է, որն էլ իր հերթին դոլարի թանկացմամբ է պայմանավորված։

«Լուսակերտը» ներկայացնող Սոնա Մանուկյանի գնահատմամբ՝ ֆաբրիկաներին այս դրությունից հանելու համար պետական միջամտություն է պետք՝ դաշտի կարգավորման միջոցով։ Ասում է՝ պետք է մեխանիզմ գտնել, որ ձվի շուկան վայրիվերումներ չապրի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG