Պաշտոնական Մոսկվան զգուշացրել է՝ եթե Արևմուտքը զորք ուղարկի Ուկրաինա, Ռուսաստանը հավելյալ քայլեր կձեռնարկի սեփական անվտանգությունը երաշխավորելու համար։ «Անշուշտ, իրադարձությունների նման սցենարը կհանգեցնի հետագա լարվածության Ռուսաստանի սահմանների մոտ, ինչը կպահանջի հավելյալ միջոցներ», - ասել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը, սակայն, չի հստակեցրել, թե հատկապես ինչ քայլերի է պատրաստ Ռուսաստանը։
Նախօրեին Կիևը հայտարարել էր, թե Մոսկվան զինուժ և ռազմական տեխնիկա է կենտրոնացնում Ուկրաինայի սահմանների մոտ։ Նույնը օրը Ուկրաինայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց էր ունեցել ամերիկացի գործընկերոջ հետ, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Վաշինգտոնը հավաստիացրել է՝ «հնարավոր հարձակման դեպքում Ամերիկան դաշնակից Ուկրաինային միայնակ չի թողնի»։
Ավելի վաղ՝ այս շաբաթ Պենտագոնը հայտարարել էր, թե առավելագույն բարձր պատրաստվածության աստիճանի է բերել Եվրոպայում տեղակայված իր զորամիավորումները։