Մատչելիության հղումներ

Նոր լարվածություն ռուս-ուկրաինական հարաբերություններում


Ռուսամետ անջատականները Լուգանսկի շրջանում, 23-ը մարտի, 2021թ.
Ռուսամետ անջատականները Լուգանսկի շրջանում, 23-ը մարտի, 2021թ.

Մոսկվան և Կիևը հնչեցնում են իրավիճակը սրելու մասին փոխադարձ մեղադրանքներ:

Ուկրաինացիներն ասում են, թե ռուսները զորամիավորումներ են կուտակում սահմանի մոտ, ռուսները նույնը պնդում են ուկրաինացիների մասին: Երկու կողմերն էլ չեն բացառում ռազմական գործողությունների վերսկսման վտանգը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ մեկնաբանել է խնդիրը:

«Մենք մտահոգություն ենք հայտնում լարվածության աճի կապակցությամբ և նշում, որ ուկրաինական կողմը կարող է այս կամ այն եղանակով դիմել սադրիչ գործողությունների, որոնք կհանգեցնեն պատերազմի, իհարկե, շատ կցանկանանք, որ նման բան տեղի չունենար», - ասել է Պեսկովը:

Մինչդեռ, Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան այսօր զրուցել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ և ասել, որ ռուսական կողմը մշտապես սադրանքների է դիմում բռնազավթած Ղրիմում և անջատականների հսկողության տակ գտնվող Ուկրաինայի արևելյան շրջաններում:

Նախօրեին Կուլեբայի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Վաշինգտոնի աջակցությունն Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիան դիմագրավելու հարցում:

ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարք Միլլին հեռախոսով զրուցել է իր ուկրաինացի և ռուսաստանցի պաշտոնակիցներ՝ գեներալներ Ռուսլան Կրոմչակի և Վալերի Գերասիմովի հետ:

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Ռուսաստանն ապակայունացնող գործողություններով վնաս է հասցնում անցյալ տարվա հուլիսին ԵԱՀԿ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարին:

Ռուսլան Կրոմչակի փոխանցմամբ, գրանցվել են ռուսական ուժերի կուտակումներ Ուկրաինայի արևելյան սահմանի մոտ: Գեներալն ասել է «Ամերիկայի ձայնի» ուկրաինական ծառայության թղթակցին, որ ռուսները վստահեցնում են, թե, իբր, ընդամենը պատրաստվում են ռազմավարական զորավարժություններին:

Կրոմչակի խոսքով՝ բուն Դոնբասի տարածքում տեղակայվել են ռուսական կանոնավոր բանակի մարտական բրիգադների, գնդերի և մատակարարման ստորաբաժանումների հազարավոր զինծառայողներ:

Կրեմլի խոսնակ Պեսկովը պնդել է, թե Ռուսաստանը զորամիավորումների տեղաշարժ է իրականացնում իր ինքնիշխան տարածքում, և դա որևէ կերպ չի սպառնում այլ երկրներին և որևէ այլ երկրի գործը չէ:

«Ուկրաինայի զինուժը երկրի արևելյան հատվածում պատրաստվում է և պատասխան կտա թշնամու ցանկացած սադրանքին», - այդ տեղաշարժերի մասին ասել է գեներալը Գերագույն ռադայի պատգամավորների հետ հանդիպման ընթացքում:

Կրոմչակի մեկնաբանություններին արձագանքել է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Տեսակապի եղանակով զրուցելով Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, Պուտինը հիշատակել է Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբի պետի հայտարարությունը և պնդել, թե ուկրաինական կողմը սրում է իրավիճակը: Պուտինը Կիևին կոչ է արել ուղիղ բանակցել Դոնբասի ղեկավարների հետ:

Մակրոնն ու Մերկելն, իրենց հերթին, Մոսկվային կոչ են արել գործադրել առավելագույն ջանքերը լարվածությունը թուլացնելու և մինսկյան համաձայնության դրույթները կատարելու համար:

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն իրականացվում է «Նորմանդյան քառյակի» ձևաչափով, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան և Ֆրանսիան:

Ռուսաստանը և Ուկրաինան 2014-ին Մինսկում կնքել են հրադադարի արձանագրություն, իսկ 2015-ին վերստին Մինսկում՝ արդեն «Նորմանդյան քառյակի» ղեկավարների մակարդակով, կնքել են քաղաքական լուծում ենթադրող «Երկրորդ մինսկյան համաձայնագիրը», որին հետագայում հավանություն է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Մինսկյան թե՛ առաջին և թե՛ երկրորդ համաձայնությունները պարբերաբար խախտվել են: Ռուսներն ասում են, որ Ղրիմն այլևս Ռուսաստանի Դաշնության մաս է և որևէ կապ չունի Դոնբասի առճակատման կամ ռուս-ուկրաինական բանակցությունների հետ:

2014 թվականի ապրիլից Դոնբասում մեկնարկած ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 13 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG