Մատչելիության հղումներ

«Հայրենիքի փրկության շարժումը» որոշել է ապաշրջափակել խորհրդարանին հարակից Դեմիրճյան փողոցը


«Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաք է անցկացնում Դեմիրճյան փողոցում, արխիվ
«Հայրենիքի փրկության շարժումը» հանրահավաք է անցկացնում Դեմիրճյան փողոցում, արխիվ

Վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» խորհրդարանին հարակից Դեմիրճյան փողոցը շուրջ մեկ ամիս փակ պահելուց հետո այսօր որոշեց ապաշրջափակել այն։

Ընդդիմադիր միավորումը, այսօր տարածած հայտարարության համաձայն, պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին տեղափոխելու է Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Մարզային այցելություններից հետո կրկին կվերադառնան Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներ, բայց սա ամենևին չի նշանակում, թե իրենք քարոզարշավ են սկսում՝ «Ազատության» հետ զրույցում ասաց շարժման համակարգող, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։

«Քարոզարշավ չենք սկսում, այն, ինչ որ անում էինք Երևանում՝ հանրահավաքներ, ակցիաներ, սկսում ենք մարզերում և ինչպես նշել ենք, վերադառնալու ենք Երևանում շարունակենք այն ժամանակ, երբ որ հարմար նկատենք: Այսինքն՝ այս պահին խորհրդարանի դիմաց մեր պայքարը տեղափոխում ենք մարզեր, որովհետև ավելի արդյունավետ կլինի մարզերի աշխատանքը», - ասաց Սաղաթելյանը:

Հայտարարությունից արդեն մեկ ժամ անց Դեմիրճյան փողոցի վրանները հավաքված էին, տարածքը մաքրվում էր, միայն վրաններից մեկը, որ գտնվում էր հենց Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկի մոտ, չէր հավաքվել։

Վրանի շուրջը հավաքված մի քանի քաղաքացիներ, փաստորեն, դժգոհ էին մնացել շարժման՝ փողոցը բացելու որոշումից, կադրից դուրս միայն ասացին, որ պարտվում են, որևէ դրական առաջընթաց չկա, հետևաբար փողոցը բացելու որոշումը սխալ են համարում։ Ոստիկանները հորդորեցին հավաքել վրանն ու ազատել փողոցը, ստացած բացասական պատասխանից հետո ընդդիմացող քաղաքացիներին ոստիկանները բերման ենթարկեցին։

Հարցին, թե ինչո՞ւ էին որոշ քաղաքացիներ հակառակվում շարժման որոշմանը, Իշխան Սաղաթելյանը կարճ պատասխանեց. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամեն մեկն իրավունք ունի վրան տեղադրելու, հանելու, մանրամասներին տեղյակ չեմ»:

Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությունից ժամեր անց «Հայրենիքի փրկության շարժումը» փակեց Բաղրամյան պողոտան, օրեր անց էլ խորհրդարանին հարակից Դեմիրճյան փողոցը։ Ընդդիմադիրները պնդում էին, որ արգելափակելու են Ազգային ժողովի մուտքերը և թույլ չտան խորհրդարանին աշխատել։ Դա, այդուհանդերձ, նրանց չհաջողվեց և գրեթե մեկ ամիս հետո՝ մարտի 23-ին ընդդիմադիրներն ինքնակամ բացեցին Բաղրամյան պողոտան՝ վրանները տեղափոխելով Դեմիրճյան փողոց և այնտեղ ձևավորելով Շարժման շտաբը։ Այսօր էլ Դեմիրճյան փողոցը բացելու որոշումը կայացվեց։

Շարժման խորհուրդը մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ էր հայտարարել, որ պայքարի նոր փուլի մեկնարկ է տրվում։ Նշվում էր, որ «Հայրենիքի փրկության շարժումը» սկսում է այցելություններ մարզեր: Հայտարարվեց, որ շարժման պահանջը նույնն է՝ Փաշինյանի հրաժարական, դրանից հետո դե յուրե հրաժարականը դարձնել դե ֆակտո, այդ օրերի ընթացքում հեռացնել նրան և հետո անցկացնել ընտրություններ: Շարժումը կասկածի տակ է դնում հունիսի 20-ին նախատեսվող խորհրդարանական ընտրությունների անցկացումը, հետևաբար դեռևս խոսել ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին, անիմաստ են համարում։

«Մենք այդ օրակարգ չենք մտնում, ակնհայտ է, որ այս իշխանությունը բոլոր օրենքներն ու ամեն ինչ հարմարեցնում է ըստ իր քաղաքական շահի», - ընդգծեց շարժման համակարգողը:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Հայրենիքի փրկության շարժման» որոշ անդամներ առաջիկա ընտրություններին լինելու են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցուցակում։ Որքանո՞վ են այս լուրերը համապատասխանում իրականությանը, Իշխան Սաղաթելյանը ասաց, որ երբ կնշանակվեն ընտրությունները, կգա ժամանակը կխոսեն այդ մասին։

Մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր միավորող շարժման որոշ անդամներ արդեն հայտարարել են հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին, նրանց թվում՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ը և Արթուր Վանեցյանի «Հայրենիք»-ը։

XS
SM
MD
LG