Ազգային ժողովը ապրիլի 1-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։ Սա նշանակում է, որ ընտրական համակարգից հանվում են տարածքային, այսպես կոչված ռեյտինգային ցուցակները և մնում են միայն պարզ համամասնական ցուցակները։
Նաև այս թեմայի շուրջ «Ազատությունը» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման շրջանակներում զրուցել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանի հետ:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Ընտրակարգի փոփոխության պահանջ ձեր կուսակցությունը դնում էր դեռ 2018 թվականին, մասնավորապես, ռեյտինգային համակարգի վերացում: Արդյոք հիմա, երբ դա արվեց, կարծո՞ւմ եք, որ ստեղծվեցին հավասար մեկնարկային պայմաններ հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների գնալու համար:
Միքայել Նահապետյան. - Ավելի քան երկու տարվա գործընթացից հետո տեղի է ունեցել մասնակի փոփոխություն՝ ռեյտինգային ընտրակարգը հանվել է, մնացել է լրիվ համամասնական ընտրակարգը, սակայն ընտրական համակարգի փոփոխությունը պետք է նայել լայն քաղաքական համակարգի փոփոխության տեսանկյունից: Արդյոք քաղաքական համակարգը վերափոխման շանս ստանո՞ւմ է նման փոխոխություններով, թե ոչ, ես կարծում եմ, որ համամասնական ընտրակարգը դրականորեն կազդի, բայց չի լուծի խնդիրների այն լայն շրջանակը, որը պետք է լուծեին ընդհանուր քաղաքական համակարգի ռեֆորմները, այսինքն ես այստեղ ներառում եմ կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն, Սահմանադրության փոփոխություն, Ընտրական օրենսգրքի փոփոխություն, դատական համակարգի փոփոխություն և ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ամրագրում ու օլիգարխիայի հարցի կարգավորում: Այս համալիրի մեջ էր ծնվելու նոր քաղաքական դաշտ՝ նոր որակներով: Գուցե հին դերակատարներից որոշները պահպանվեին, բայց հարաբերությունները լինելու էին նոր:
Ցավոք սրտի, մինչ այժմ տեղի ունեցած փոքր ռեֆորմները չեն լուծել իրենց խնդիրները, Ընտրական օրենսգիրքը ևս խնդիրը լուծում է մասնակի, և այս առումով խիստ ոգևորվելու բան չունենք, թեև միանշանակ ողջունելի է, որ ընդունվել է համամասնական ցուցակների դրույթն առնվազն:
«Ազատություն». - Դուք արդեն հայտարարել եք, որ ցանկացած պարագայում մասնակցելու ենք ընտրություններին:
Նահապետյան. - Մենք հայտարարել ենք, որ տրամադրված ենք մասնակցելու:
«Ազատություն». - Արդյոք դիտարկո՞ւմ եք որևէ ուժի հետ դաշինքի ձևավորումը:
Նահապետյան. - Այս իրավիճակում էլի շարժվել հին իրողություններով, որ առանց գաղափարների, առանց միավորող օրակարգի, իրար նկատմամբ անվստահությամբ, ինչ-որ շոուի տրամաբանությամբ, ցուցակում տեղի բազար անելով, կներեք արտահայտությանս, այս տրամաբանությամբ կազմել դաշինքներ, մտնել խորհրդարան ու փլուզել այդ դաշինքը, սա հերթական անգամ նույն տեղում պտտելու է մեր կոտրված անիվը:
Կուսակցություն չկա, որի հետ դաշինքի տարբերակ ենք դիտարկում, հետևաբար բոլոր այն մարդիկ, ովքեր որևէ կերպ թշնամանք ու ատելություն են սերմանում այլ դերակատարների, այլ քաղաքացիների, այլ հանրային խմբերի նկատմամբ, այդ մարդիկ պետք է մերժվեին և մեկուսացվեն քաղաքական համակարգից, որովհետև նրանցից որևէ մեկի հաղթանակը կարող է նշանակել բռնապետություն Հայաստանում, նրանցից որևէ մեկի հաղթանակը կարող է նշանակել նոր ճգնաժամ Հայաստանում: Պարզ մեխանիզմ է՝ ոչ մի քվե այն քաղաքական ուժերին, որոնք հերթական անգամ փորձում են իրենց կոնֆլիկտը դարձնել լայն հանրային կոնֆլիկտ և իրենց կոնֆլիկտում Պյուռոսյան հաղթանակ տանելու համար, կեղծ հաղթանակ տանելու համար թշնամացնում են հանրային խմբերին: Այս մարդիկ երկիրը տանում են դեպի ճգնաժամ, մեր պատասխանը իրենց պետք է լինի՝ զրո քվե ճգնաժամին:
«Ազատություն». - Իշխանության մոտավոր փաստարկը, որ դատաիրավական բարեփոխումները չեն հաջողել, որ «չենք ուզել ապօրինությամբ օրինականություն հաստատել, շանս ենք տվել, որից չեն օգտվել»:
Նահապետյան. - Այստեղ ստերի մի ամբողջ փունջ կա, նախ այն մասով, որ իրենք չեն գնացել ապօրինությունների, կան բազմաթիվ փաստեր, որ իրենք անցել են օրենքի շրջանակները, հայտնի գաղտնալսումները, հեռախոսով քննարկել են միջամտություն դատական իշխանության գործերին, ինչը լավ չէ, անկախ նրանից թե նպատակներն ինչքան բարի կարող են լինել: Երկրորդ բանը, որ ժամանակն օբյեկտիվորեն պետք է երկար տևեր: Ուզո՞ւմ եք այդ մարդկանց տվեք 100 հազար սխալվելու հնարավորություն, իրենք չեն սովորի իրենց 100 հազարերորդ սխալի վրա: Այդ մարդիկ, երբ որ ընտրում էին Սահմանադրական դատարան, այդ մարդիկ քշում էին իրենց էշը և այսօր կանգել են մի փաստի առաջ, որ ոչ երես ունեն արձանագրելու, որ ինչ-որ բան այնպես չէ, ոչ էլ կարող են չասել դա:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.