Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը դատապարտում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումը, Արցախի հուշարձանների ոչնչացումը


Արցախ - Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին հրթիռակոծությունից հետո, 8-ը հոկտեմբերի, 2020թ․
Արցախ - Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին հրթիռակոծությունից հետո, 8-ը հոկտեմբերի, 2020թ․

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանձնաժողովի անունից դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարի ռմբակոծումը։ Ինչպես հաղորդում է ՀՅ Դաշնակցության Եվրոպայի Հայ դատի գրասենյակը, այդ մասին Բորելը հայտարարել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի հրատապ հարցմանն ի պատասխան։

Կիպրոսից Եվրոպական ժողովրդական կուսակցության պատգամավորն իր հարցման մեջ նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով պատերազմի միջազգային օրենքները, 2020 թվականի հոկտեմբերի 8-ին թիրախավորել և հարվածներ են հասցրել Շուշիի Ղազանչեցոց մայր տաճարին։ Ֆուրլասը հարցրել է՝ նախատեսո՞ւմ է արդյոք Եվրահանձնաժողովը քայլեր ձեռնարկել Արցախի «քաղաքացիական բնակչությունը և կրոնական պաշտամունքային վայրերը պաշտպանելու ուղղությամբ»:

Ի պատասխան՝ Եվրահանձնաժողովը հայտնել է, որ խստորեն դատապարտում է Արցախի կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացումը և ընդգծում է մշակութային և կրոնական ժառանգության պահպանման և վերականգնման կարևորությունը:

Իր պատասխանում ԵՄ բարձր ներկայացուցիչը նաև հիշատակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձը, որը սահմանում է կրոնական, ուսումնական և մշակութային կենտրոնների թիրախավորումը որպես ռազմական հանցագործություններ:

Եվրահանձնաժողովը նաև ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած առաքելությունը դեպի ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի շրջաններ: Այս առաքելությունն ուղղված է հայկական մշակութային ժառանգության նախնական փաստագրական գնահատմանը: Առաքելությունը նաև կաջակցի հայկական մշակութային վայրերի պահպանմանն ու վերականգնմանը, ասված է Հայ դատի գրասենյակի հաղորդագրությունում։

«Ադրբեջանը պետք է լիովին պատասխանատվություն կրի 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարած զարհուրելի ռազմական հանցագործությունների համար», - մեկնաբանելով գրավոր հարցման պատասխանը՝ հայտարարել է Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը։

«Միջազգային հանրությունը և պատկան կազմակերպությունները պետք է հետևողականորեն հետամուտ լինեն Ադրբեջանի կողմից բռնազավթած հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ իրականացվի ևս մեկ մշակութային ցեղասպանություն, ինչպիսին 2006թ. ադրբեջանական իշխանությունների կողմից նախաձեռնած Նախիջևանի հազարավոր հայկական միջնադարյան խաչքարների ոչնչացումն էր: Արցախում պատմական հայկական ներկայության աղավաղման ցանկացած փորձ պետք է կանխվի և խստորեն դատապարտվի», - շեշտել է Կարապետեանը։

XS
SM
MD
LG