Մատչելիության հղումներ

Մոսկվայում կայացավ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը


Մոսկվայում այսօր կայացավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Արա Այվազյանը Մոսկվա է ժամանել ԱՊՀ արտաքին գործերի նախարարների վաղը կայանալիք հերթական հավաքին մասնակցելու համար:

Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ առանձնազրույցի ընթացքում Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը դիտարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին առնչվող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է նաև հակամարտության գոտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքն ու առկա զարգացումները: Այս համատեքստում Այվազյանը շեշտել է ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը:

Հայաստանի արտգործնախարարը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը:

Արտգործնախարարները հանգամանալից անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, բարձր մակարդակով շփումների առաջիկա ժամանակացույցին:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել բազմակողմ ձևաչափում փոխգործակցության շուրջ:

Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում եռակողմ կամ երկկողմ ձևաչափերով այս պահի տվյալներով նախատեսված չէ:

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG