«Նրանց վերաբերյալ գործը ավարտական փուլում է, կատարվում են վերջին գործողությունները։ Շուտով կհայտարարվի նախաքննության ավարտ և դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո այն կուղարկվի դատարան ըստ էության քննելու համար», - փոխանցեց Գլխավոր դատախազի խոհրդական Գոռ Աբրահամյանը։
Կալանավորված Յուսեֆ ալ Աբեդ Հաջին ու Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների և վարձկանության հոդվածներով։ Նրանք հայ իրավապահներին պատմել են, որ Սիրիայում հավաքագրվելուց հետո տեղափոխվել են Ադրբեջան՝ կռվելու Լեռնային Ղարաբաղում՝ ամսական 2 հազար դոլարի դիմաց։ Նրանց նաև ամեն հայի համար 100 դոլար գլխագին էին խոստացել։
Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ, նախաքննական մարմինը ևս շուրջ 30 անձի է նույնականացրել ու նրանց նույն մեղադրանքերն առաջադրել․ - «Որպես մեղադրյալ ներգրավելու որոշումներ են կայացվել և նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում»։
Պատերազմի սանձազերումից սկսած մինչև քաղաքացիականների սպանություններ, հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումներ ու պատմամշակութային հուշարձանների պղծում․ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ու զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ Գլխավոր դատախազությունը 2020-ի գործունեության մասին հաղորդման մեջ է անդրադարձել։
«Մոտավորապես 100-120 քրեական գործի մասին է խոսքը ընդհանուր առմամբ գնում։ Թեև էս թիվը խիստ հարաբերական է։ Մենք ունենք կոնկրետ անձանց նկատմամբ արդեն իսկ հարուցված քրեական հետապնդումներ։ Խոսքը վերաբերում է ինչպես վարձկան ահաբեկիչներին, այնպես էլ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին։ Ընդհանուր առմամբ, 37 անձի մասին է խոսքը գնում», - փոխանցեց Գոռ Աբրահամյանը։
44-օրյա պատերազմին առնչվող շուրջ 1700 քրեկան գործ է հարուցվել։ Նրանց մեծ մասը Հայաստանի ու Արցախի պաշտպանունակությանը, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործություններն են։
Ըստ գլխավոր դատախազության, 628 անձ այդ գործերով ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ։ Հայտնի է, որ քրեական գործով անփութության համար մեղադրյալ է Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, հաղորդագրություններ են եղել նաև զորամասի մի քանի հրամանատարների մասին։
«Այս բնույթի քրեական գործերի մի առանձին հատված վերաբերում է պատերազմի ժամանակ պաշտպանության տարբեր ուղղություններով կատարված զինված գործողությունների, սպայական անձնակազմի կողմից տրված հրամանների, հանձնարարությունների, մարտական գործողությունների ընթացքում կատարված հանցավոր դրսևորումներին։
Քրեական գործերի գերակշիռ մասը, սակայն, դասալքության, զորահավաքներից խուսափելու, հրամանները չկատարելու, զորամասը ինքնակամ լքելու, զինվորական պարտականությունները չկատարելու հատկանիշներով են։ Ազգային անվտանգության ծառայությունն առանձին գործեր է քննում պետական դավաճանության ու լրտեսության վերաբերյալ։
Գլխավոր դատախազի խորհրդականի տեղեկացմամբ, ապօրինի զենք-զինամթերք իրացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործերով արդեն ազատազրկվածներ կան․ - «Ապօրինի զենք-զինամթերքի իրացման, շրջանառման հետ կապված վեց անձի վերաբերյալ քրեական գործերը ուղարկվել էր դատարան, և հինգի կապակցությամբ արդեն իսկ ունենք մեղադրական դատավճիռներ։ Երկու գործ զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողներին խաբելու, նրանցից գումարներ հափշտակելու դրվագներով ևս ուղարկվել է արդեն իսկ դատարան»։