Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին հացադուլ է հայտարարել


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի դատարանում, 2-ը փետրվարի, 2021թ․
Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի դատարանում, 2-ը փետրվարի, 2021թ․

Ռուսաստանում բանտարկված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին երեկ հացադուլ է հայտարարել։ Նա դիմել է այս ծայրահեղ քայլին, քանի որ մեկուսարանում բժշկական օգնություն չի ստանում։ Նավալնին հայտարարել է, թե սնունդ չի ընդունի, մինչև իր մոտ բժիշկ չհրավիրեն։

Վերջին օրերին նրա առողջական վիճակը վատթարացել էր։ Նավալնին ասել էր, թե բժշկի ու դեղորայքի կարիք ունի, բայց գաղութի ղեկավարությունը հայտարարել էր, թե նրա առողջական վիճակը բավարար է։

Ալեքսեյ Նավալնիի հայտարարությունը տեղադրվել է նրա Ինստագրամի էջում։ «Ես բժիշկ հրավիրելու և դեղորայք ստանալու իրավունք ունեմ։ Ոչ մեկն ինձ չեն տրամադրում, մեջքիս ցավն անցել է ոտքերիս, աջ ոտքս, իսկ հիմա նաև ձախը թմրում են, կատակը մի կողմ, բայց սա արդեն անհանգստացնում է», - գրել նա։

Բժշկական օգնություն տրամադրելու փոխարեն նրան գիշերները շարունակում են արթնացնել, որ չկարողանա հանգստանալ։ Գաղութի ղեկավարությունը մյուս կալանավորներին վախեցնում է, որ նրանից հեռու մնան։ Նավալնիի փոխանցմամբ՝ կալանավորներն այդպես էլ ասում են․ - «Լյոշա, կներես, բայց այստեղ մենք վախենում ենք, սա Վլադիմիրի մարզն է, այստեղ զեկի կյանքը մի տուփ սիգարետից էժան է»։

Քրեակատարողական ծառայության շրջանային վարչությունը մարտի 31-ին հայտարարել է, թե Ալեքսեյ Նավալնիին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն՝ նրա բժշկական տվյալներին համապատասխան։

Նավալնին անցյալ տարի ամռանը Ռուսաստանում թունավորվել էր։ Օմսկի հիվանդանոցից ընդդիմադիր գործչին անգիտակից վիճակում տեղափոխել էին Գերմանիա, որտեղ նրա կյանքը փրկվեց։ Բեռլինի կլինիկայի բժիշները եզրակացրեցին, որ նա թունավորվել է «Նովիչոկ» տիպի քիմիական նյութով։ Վերականգնողական շրջանից հետո Նավալնին վերադարձավ Մոսկվա ու ձերբակալվեց հենց օդանավակայանում։

Ռուսաստանցի ընդդիմադիրը հիմա բանտարկված է 2013 թվականի մի գործով։ Ըստ դատարանի որոշման՝ նա պայմանական ազատազրկման մեջ էր, ինչը պահանջում է ժամանակ առ ժամանակ ներկայանալ իրավապահներին։ Քանի որ նա թունավորված էր ու Գերմանիայում բուժվում էր, ժամանակին չի ներկայացել քաղմաս, և Մոսկվայի դատարանը փետրվարի 2-ին որոշեց պայմանական ազատազրկումը փոխարինել իրական ազատազրկմամբ։ Մոտավորապես երկուսուկես տարի Նավալնին պետք է բանտարկված մնա։

Վերջերս ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հեռուստահարցազրույցում համաձայնություն հայտնեց լրագրողի հարցադրմանը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարդասպան է։

XS
SM
MD
LG