Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Ռուսաստանը համաձայն չէ մարդու իրավունքների հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի տարեկան զեկույցում Ռուսաստանի վերաբերյալ հրապարակված եզրահանգումների հետ:
«ԱՄՆ պետական դեպարտամենտի այդ փաստաթղթում պարբերաբար տեղ են գտնում նույն պնդումները, կախված մեր երկու երկրների հարաբերությունների վիճակից՝ դրանց սրությունը մերթ աճում է, մերթ նվազում, իհարկե, համաձայն չենք այդ ամենի հետ և դրա նկատմամբ ունենք համապատասխան վերաբերմունք»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը:
Երեկ հրապարակված «Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության մասին» զեկույցում ԱՄՆ պետական դեպարտամենտը քննադատել է Ռուսաստանի և մի շարք այլ երկրների իշխանությունների կողմից մարդու իրավունքները ոտնահարելու գործելակերպը:
Զեկույցի ռուսաստանյան բաժնում պետական դեպարտամենտը, մասնավորապես, նշել է, որ «Ռուսաստանում քաղաքական համակարգը ավտորիտար է և չափից շատ կենտրոնացված, իսկ խորհրդարանը կախված է գործադիր իշխանությունից»:
Բացի այդ, զեկույցում ասվում է, թե «Սահմանադրությունը լրամշակելու հարցով անցյալ տարի տեղի ունեցած համազգային քվեարկությունը չի համապատասխանել միջազգայնորեն ճանաչված ընտրական չափանիշներին»:
ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցում որպես մարդու իրավունքների ոտնահարման օրինակներ են նշվել Ալեքսեյ Նավալնիի դատական գործը, Ղրիմի բռնազավթումը և իրավիճակը Չեչնիայում: