Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ իրենց ցուցակում լինեն նոր անուններ


Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյան

Իշխող ուժը սկսել է նախընտրական պատրաստությունները ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, շտաբի համակարգման մասնակցելու են նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմոնս Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։

Իշխանությունները հունիսի 20-ին սպասվող ընտրություններին միայնա՞կ, թե՞ դաշինքով են մասնակցելու։ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ նման քննարկումներ դեռ չեն անցկացվել, սակայն ինքը կողմ է, որ ՔՊ-ն առանձին մասնակցի։

Հայտնի է, որ իշխող ուժի ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը, իսկ արդյո՞ք նոր դեմքեր ևս կլինեն իշխանական ցուցակում։

«Ես կոնկրետ որևիցե մեկի անունը չեմ կարող տալ, բայց նաև չեմ բացառում, որ նոր մարդիկ լինեն մեր ցուցակում», - ասաց Սիմոնյանը։

Գևորգ Գորգիսյան
Գևորգ Գորգիսյան

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանում» ևս ամբողջ ծավալով պատրաստվում են հունիսի 20-ին սպասվող ընտրություններին, թեև կասկածներ ունեն՝ հնարավոր է իշխանությունը վերջին րոպեներին մտքափոխվի արտահերթ ընտրությունների մտադրությունից։ ԼՀԿ-ն միայնակ է մասնակցելու առաջիկա ընտրություններին։

«Ինչ ընտրակարգով էլ լինի, մենք մասնացկելու ենք ընտրություններին, և էս ընտրությունները պետք է լինի Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ընտրություններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց , «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

Մինչդեռ իշխող ուժում ընտրություններին մասնակցում են կրկին հաղթելու ակնկալիքով։

Մյուս խորհրդարանական ուժից՝ «Բարգավաճ Հայաստանից» դեռ լռում են՝ արդյո՞ք սկսել են նախընտրական պատարստությունները, թե ոչ։ ԲՀԿ-ից, սակայն, մեկ անգամ չէ, որ հայտնել են ընտրությունների միայնակ են մասնակցելու։

Ընդդիմությունը շարունակում է իշխանությանը մեղադրել արտահերթ ընտրություններից մի քանի ամիս առաջ նախընտրական քարոզչություն սկսելու ու ոչ հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու համար։

«Քաղաքական դաշտում, բացի գրված օրենքներից, կան նաև չգրված օրենքներ՝ խաղի կանոններ, որոնք ցանկալի է, որ պահպանվեն։ Բայց ոչ էլ սպասել ենք, որ պահպանվելու էին, և ակնհայտ է, որ Փաշինյանը իր ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները այսօրվանից սկսած, երեկվանից սկսած օգտագործել է և օգտագործելու է ընտրապայքարում իր արդյունքները բարելավելու համար», - ասում է Գորգիսյանը։

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը նշում է․ - «Քարոզարշավը սկսվում է ընտրությունների հաջորդ օրվանից ի վեր, դա քաղաքագիտական աքսիոմ է»։

Սիմոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերին «հերթական հանդիպում» բնորոշումն է տալիս և անհեթեթ է համարում մեղադրանքը, թե իշխանությունն այդպիսով վարչական ռեսուրս է չարաշահում ու ոչ մրցակցային պայմաններ է ստեղծում ընդդիմադիրների համար․ - «Այսօր ամենաանհավասար պայմաններում գտնվում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը։ Որովհետև Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավորություններ ունի, որոնք ոչ միայն բարոյական պարտավորություններ են, այլ նաև օրենքով են ամրագրված, չունի էն ֆինանսական ռեսուրսները և էդ ֆինանսական ռեսուրսների հնարավորությունը, որը ունի էսօր ընդդիմությունը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում ընդդիմությունը մի քանի անգամ ավելի հարուստ է և ավելի մրցակցային է իր ուժերով, իր ռեսուրսներով, քան գործող իշխանությունը»։

XS
SM
MD
LG