Այրվածքաբանության ազգային կենտրոնում Ադրբեջանի կիրառած ենթադրաբար սպիտակ ֆոսֆորից տուժած 21 զինծառայող է բուժում ստանում։ Կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը պատմում է՝ քիմիական նյութի մնացորդները հայտնաբերել են հենց պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին վիրավորված զինվորի մոտ։
«Մենք ունենք 27-ին` առաջին օրը վիրավորված զինվոր, որը երկար, ծանր հիվանդություն է ունեցել, մինչև հիմա նա մեզ մոտ է գտնվում: Ինչի՞ համար ենթադրեցինք, որովհետև իր վերքերը շատ դանդաղ են վերականգնվում: Ճիշտ է` այնտեղ տոկոսը շատ բարձր էր, ինքն էլ շատ ծանր այրվածքային հիվանդություն է տարել, բայց միևնույնն է` այդպես չպիտի լիներ: Դրա համար մենք ենթադրեցինք, որ պետք է անպայման այդ հետազոտությունը կատարվի: Ֆոսֆորի մնացորդները մաշկի վրա հայտնաբերվել են», - ասում է նա:
Պատերազմի ընթացքում հայկական կողմը ահազանգել էր, որ Ադրբեջանը սպիտակ ֆոսֆոր պարունակող արգելված զինատեսակ է կիրառում։ Պաշտոնական Բաքուն հերքել էր այս մեղադրանքը, ավելին՝ հայկական կողմին մեղադրել նույն բանի համար։
Այրվածքանաբանության կենտրոնի փոխտնօրենի փոխանցմամբ` ուսումնասիրել են 40 հիվանդի՝ այն էլ ուշացած, քանի որ ուշ են կռահել խիստ վտանգավոր այդ նյութի կիրառման հավանականության մասին։ Հետազոտվածների 80-90 տոկոսի մոտ մասնագետները նկատել են ֆոսֆորի մնացորդի հետևանքները. «80 տոկոսի մոտ ենթադրաբար կարծում ենք, որ թունավորում կա, ֆոսֆոր է, թե ֆոսֆորով բնական նյութ է, թե այլ քիմիական նյութ է, կպարզվի հետագայում, երբ որ արդեն հյուսվածքաբանական քննություն արվի: Մենք այդ հյուսվածքներն արդեն վերցրել ենք և արդեն պատրաստվում ենք դա անել»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը երեկ այցելել էր բուժվող զինվորներին։ Արման Թաթոյանն ընդգծում է՝ կան հիմնավոր ենթադրություններ, որ Ադրբեջանը սպիտակ ֆոսֆոր է կիրառել նաև այլ զինատեսակների մեջ։ Հայկական կողմը պատերազմի մեկնարկից մոտ մեկ ամիս անց ահազանգեց Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակի կիրառման մասին, երբ Արցախի տարբեր շրջանների անտառներում հրդեհ էր բռնկվել։
«Այսինքն` ստացվում է, որ իրականում կա այստեղ ենթադրություն, և դա բավականին հիմնավոր ենթադրություն է, որ Ադրբեջանի զինված ուժերը քիմիական տարրեր պարունակող այս նյութը նաև խառնել են, նաև այլ զինատեսակների մեջ է դրանից եղել, և հիմա նաև մեր աշխատանքի ուղղություններից պետք է լինի փորձել հասկանալ` ինչպես ենք այդ առումով առաջ գնում», - նշում է Թաթոյանը:
Հայաստանի օմբուդսմենը, արձանագրելով նախնական ապացույցները, դրանք կամփոփի հերթական զեկույցում և կներկայացնի միջազգային տարբեր կառույցներին։ Թաթոյանն ասաց՝ այս հարցն այսօր քննարկել է տարբեր երկրներում Հայաստանի դեսպանների հետ. «Նաև միջազգային լաբորատորիաների հետ կապված հարցերը, որպեսզի մենք տեսնենք` ինչպես ենք առաջ շարժվում, որովհետև սա այնպիսի հարց է, որ պարտադիր պետք է սրա հետևից գնալ մինչև վերջ, և նմուշառումները համապատասխան նույնպես տեսնենք, թե ոնց ենք փորձաքննության ենթարկում»:
Թաթոյանը երեկ Այրվածքաբանականից հրապարակել էր լուսանկարներ։ Թե՛ նա, թե՛ նաև կենտրոնի փոխտնօրենը պնդում են՝ կան հիմնավոր ենթադրություններ ֆոսֆորի առկայության մասին։ Բուժվող զինվորների այրվածքների որոշ լուսանկարներ Թաթոյանը չի հրապարակել հանրությանը սթրեսի չենթարկելու համար. «Այդ ենթադրությունը ինչո՞ւ եմ ասում` հիմնավոր է, չափազանց միամիտ բան կլիներ, եթե այդ լուսանկարների հիման վրա ես այդպիսի հայտարարություններ անեի: Նաև կան չէ՞ այլ գործոններ` բժիշկների մեր եզրակացությունները բուժման հետ կապված, առողջությանը հասցրած վնասի հետ կապված, հետևանքների հետ կապված, լավանալու պրոցեսի հետ կապված, ինչ երկարաժամկետ բացասական հետևանքներ է թողնում մարդու վրա: Էլ չասեմ վնասվածքների բնույթը, ձևը և այլն, որը հասված է այդ զինատեսակներով»:
Այրվածքաբան Կարինե Բաբայանը նկարագրում է սպիտակ ֆոսֆորի հետևանքները մարդու օրգանիզմի վրա։ Այն մնում է մարդու օրգանիզմում 60-90 օր և ազդում է օրգան համակարգերի վրա՝ թոքերի այտուց, սրտի, լյարդի, ուղեղի խնդիրներ, արյունահոսություն և կարող է անուղղակիորեն մահվան հանգեցնել, ասաց բժշկուհին. «Առաջինը` այրվածքներ են առաջանում տեղային, երկրորդը` շատ հնարավոր է լորձաթաղանթով շնչառական օրգաններով ներս ընկնի օրգանիզմ, այնտեղ արդեն առաջացնի այլ տեսակի թունավորումներ ինքը` ֆոսֆորը: Բացի դրանից, եթե նույնիսկ այրվածքներ են առաջանում, շատ խորը այրվածքներ է ինքը առաջացնում: Սպիտակ ֆոսֆորը թթվածնի հետ միանում է, բարձր ջերմաստիճան է առաջանում` 800-1000, և այդ ջերմաստիճանի կպման տեղը մարդու մարմնին ոնց որ կոպիտ ասած` սվառկայի նման խորը այրվածքներ են առաջանում շուրջը, մեռուկացված, շատ խորը, մինչև նույնիսկ մկաններ, կարող է մինչև ոսկոր հասնել»:
Այրվածքաբանն ասում է՝ վերջնական գնահատականը ֆոսֆորի կիրառման վերաբերյալ կտա հյուսվածքանական հետազոտությունը։ Մասնագետներն այժմ զբաղված են այդ աշխատանքով։