Մատչելիության հղումներ

Այրվածքաբանության կենտրոնում բուժում ստացած զինծառայողների գրեթե կեսը ենթադրաբար սպիտակ ֆոսֆորից է այրվածքներ ստացել


Արմանը մեքենայում էր, երբ սկզբում ուժգին հարված զգաց, հետո էլ այրող տաքություն՝ հենց դեմքին ու մարմնին։ Պատմում է՝ հրդեհվող մեքենայից դուրս պրծնել իրեն ու ծառայակից ընկերոջը միանգամից չհաջողվեց. «Դռները արդեն չէին բացվում մեքենայի, հալվել էր, թե ինչ էր եղել, լուսամուտից դուրս ենք եկել»։

Առաջին օգնությունն էլ ժամեր անց ստացան։ Շտապօգնության ճանապարհին դեռ էլի փորձություններ էին սպասվում. «Մի քիչ առաջացանք, էդ ժամանակ մեր վրա կրակում էին՝ մարտի դաշտում էինք, մի քիչ առաջացանք խրամատներով, գնացինք, հասանք շտապօգնությանը, մինչև տարան Մարտունի, հետո Ստեփանակերտ ու եկանք այստեղ»:

Անօդաչու թռչող սարքի՞ հարված էր, թե՞ այլ զինատեսակի, Արմանն ու ծառայակիցն այդպես էլ չիմացան, փոխարենը բժիշկները գրեթե համոզված են՝ 19-ամյա տղայի այրվածքները սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի հետևանք են։ Նախնական հետազոտություններն են փաստել։ Արդեն հինգ վիրահատություն է անցել։

«Գումարած ունեցանք այսպես ասած` վուդլամպ, որը ուղարկեցին մեր կոլեգաներն Ամերիկայից, կոչվում է սև լամպ, որի միջոցով մաշկի մակերեսին կամ որևէ այլ մակերեսին մութը տեղը մենք կարողանում ենք տեսնել ֆոսֆորի մնացորդները: Եվ այդ լամպով մենք կարողացանք մաշկի մակերեսին` թե վնասված մակերեսին, թե մազերի հիմքում, թե աչքերի, թե ականջի խեցիներում ֆոսֆորի մնացորդներ», - ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը:

Այրվածքաբանության ազգային կենտրոնը պատերազմի հենց առաջին օրն է ընդունել տարբեր աստիճանի այրվածքներ ստացած զինծառայողների, նրանց մեծ մասն արդեն բուժվել է, դուրս են գրվել, հիմա, սակայն, նրանք դեռ վերականգնման փուլում են։ Կենտրոնում բուժում ստացած 130 զինծառայողների գրեթե կեսի այրվածքները, ըստ բժիշկների նախնական հետազոտությունների, սպիտակ ֆոսֆորի հետևանք են։ Վերջնական հետազոտություն Հայաստանում հնարավոր չէ անցկացնել. «Հետազոտվել են ոչ բոլորը, այն մասը, որ առողջացել է, արդեն գնացել է տուն, բնականաբար արդեն չեն կարող հետազոտվել, որովհետև ֆոսֆորը մաշկի վրա մնում է ինչճոր իքս ժամանակ, լվացվելուց, լողանալուց և վերքերը մշակելուց հետո այդ ֆոսֆորի խտությունը` քանակը քչանում է»:

«Ավագ սպան, ինքը զոհվեց մի ամիս կռիվ տալուց հետո, ինքն է էլի կյանքս փրկել, որ իրենք այդ պահին չհանեին, մենք էլ հույս չունեինք, որ դուրս կգանք», - պատմում է 20-ամյա Հունանը, որը պատերազմի առաջին օրն էր վիրավորվել, ուշագնաց եղել։ Նրա այրվածքներն էլ բժիշկների համար անսովոր էին՝ կրկին կասկածել ու հետազոտել էին, պարզել՝ նախնական՝ դրանք ավելի շատ բնորոշ են սպիտակ ֆոսֆորի ազդեցությանը:

Հունանը հիվանդանոցում մոտ 2 ամիս է բուժում ստացել, հիմա վերականգնողական փուլում է՝ ձեռքերը այրվածքներից հետո դժվարությամբ է շարժում. «Համ գալիս եմ ձեռքերս եմ վարժում, պարապում, համ էլ պերեվյազկեքն են էլի անում»:

Հունանի ու Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացած մյուս զինծառայողների համար դեռ մեկից մեկուկես տարի էլ պետք է լիարժեք վերականգման համար, ասում է կենտրոնի տնօրեն Կարինե Բաբայանը։ Եվ դեռ հարցական է՝ այդքանից հետո նրանց մոտ այլ առողջական խնդիրներ չեն առաջանա. «Այսպիսի մի բան կա` մոտակա վնասներ, հենց այդ այրվածքը և վերքերը, և հետագայում բուժումները, կան նաև հեռակա վնասվածքներ, հեռական տարբեր տեսակի բաներ են ասում, նույնիսկ մի տեղ կարդացի, որ անկոլոգիա կարող է առաջացնել, կարող է առաջացնել նաև տղաների մոտ հետագայում երեխա ունենալու պրոբլեմը»:

Թե ենթադրաբար սպիտակ ֆոսֆորից պատերազմի ընթացքում քանի զինծառայող ու խաղաղ բնակիչ է այրվածքներ ստացել, դեռ պաշտոնական թվեր չկան։

Ադրբեջանի կողմից ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ կիրառելու մասին հայկական կողմը հոկտեմբերի վերջին էր հայտնել՝ ահազանգելով ոչ միայն մարդկանց, այլև շրջակա միջավայրի վրա դրա բացասական ազդեցության մասին։ Ադրբեջանը կտրականապես հերքել էր հայկական կողմի այդ պնդումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG