Երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը այլ հարցերի թվում քննարկել են Եվրամիությունում կորոնավիրուսի դեմ Sputnik V ռուսական պատվաստանյութը գրանցելու հեռանկարները:
Գերմանիայում կրկին կասեցվել է AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումը, որը նախորդ օրը ստացել էր նոր անուն՝ Vaxzevria: Որոշումն ընդունվել է, երբ 60 տարեկանից ցածր երեք տասնյակ մարդկանց մոտ պատվաստումից հետո նկատվել են գլխուղեղի անոթների թրոմբոզի ախտանիշներ, նրանցից 9-ը մահացել են:
Երեքշաբթի օրը Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը հայտնեց, որ բանակցում է «Գամալեյա» կենտրոնի ստեղծած ռուսական դեղամիջոցների մեկ միլիոն դոզա գնելու շուրջ:
Ֆրանսիայում 5 հազար հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այդ ցուցանիշը գերազանցում է համաճարակի երկրորդ ալիքի ժամանակ՝ աշնանը գրանցված առավելագույն թիվը: Այսօր Մակրոնը մտադիր է դիմել ժողովրդին: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի նախագահը կհայտարարի նոր սահմանափակումների մասին: